Ծառուկյանն Իվանիշվիլի չի դառնա
Ստեփան Դեմիրճյանի գլխավորած Հայաստանի ժողովրդական կուսակցության` ՀԺԿ վարչության քարտուղար Գրիգոր Հարությունյանի համոզմամբ` ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Բիձինա Իվանիշվիլի չի դառնա: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Գրիգոր Հարությունյանը` անդրադառնալով Ազատության հրապարակում մարտի 1-ին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ կուսակցության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից արված համեմատությանը: Առաջին նախագահը ելույթում հռետորական հարց էր հնչեցրել, թե ինչո՞վ է պակաս Ծառուկյանն Իվանիշվիլիից, ուստի այս առնչությամբ հետաքրքրվեցինք, թե ի՞նչ նկատի ուներ Լևոն Տեր-Պետրոսյանը` համեմատելով այս անձանց:
«Կարծում եմ` նա նկատի ուներ, որ հարուստ մարդ է, սա հարուստ մարդկանց համեմատություն էր»,- պատասխանեց ՀԺԿ վարչության քարտուղարը: Մեր հարցին, թե Գագիկ Ծառուկյանը կարո՞ղ է դառնալ Իվանիշվիլի, Գրիգոր Հարությունյանը բացասական պատասխան տվեց. «Ճիշտն ասած, չէ, իմ կարծիքով` չի դառնա»:
Նա չմանրամասնեց, թե ինչո՞ւ է թերահավատ այս հարցում, միայն նշեց, թե դա իր սուբյեկտիվ կարծիքն է, ապա պատասխանելով մեր այն հարցին, թե արդյոք պատճառն այն է, որ Գ. Ծառուկյանն այդքան համարձակություն չի՞ ունենա` նշեց. «Չեմ կարող ասել, իրեն հարցրեք, հարցրեք` համարձակություն կունենա՞ Իվանիշվիլի դառնա, թե՞ չէ: Համեմատությունն ինձ համար ճիշտ չէր: Ես Իվանիշվիլիին էլ լավ չեմ ճանաչում, բայց ինքը Վրաստանում լուրջ նպատակների հասավ, ու ես չեմ տեսնում, որ Գագիկ Ծառուկյանը ցանկություն ունի անցնել այն, ինչ Իվանիշվիլին անցավ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի տպագիր համարում: