
Մոսկվայում Ղրիմի աջակցության համար կազմակերպված ակցիային մասնակցել է ավելի քան 50.000 մարդ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մոսկվայում Ղրիմին աջակցություն հայտնելու համար կազմակերպված հանրահավաքին մասնակցել է ավելի քան 50.000 մարդ: Այս մասին հայտնել է Մոսկվայի ոստիկանությունը:
Նշվում է, որ նմանատիպ ակցիաներ անցկացվում են նաև ռուսական այլ քաղաքներում: Մասնավորապես պլանավորված է այդպիսի ակցիաներ անցկացնել Ստավրոպոլում, Նովոսիբիրսկում ու Սմոլենսկում: Ակնկալվում է, որ այդ ակցիաներից յուրաքանչյուրին մասնակցելու է մինչև 15.000 մարդ: Ակցիայի մասնակիցները մտադիր են համերաշխություն հայտնել Ուկրաինայում բնակվող իրենց հայրենակիցներին:
Երեկ Ռուսաստանում արդեն իսկ անցկացվել է մոտ 10 ակցիա՝ ի աջակցություն Ուկրաինայի ռուսալեզու բնակչության: Դրանցից ամենազանգվածային ակցիաներն անցկացվել են Սարատովում ու Նիժնի Նովգորոդում, ուր հավաքվել են 10.000-ական մարդ: Մոտ 3000-ական մարդ մասնակցել է Վոլոգդայի, Պյատիգորսկի ու Եկատերինբուրգի ակցիաներին: Ռուսաստանում Ղրիմի աջակցության համար ակցիաներ են անցկացվում մարտի 2-ից: