
«Հյուսիս-Հարավ»-ի ֆինանսավորումը կարող է սկսվել արդեն 2014 թվականին. Եվրասիական զարգացման բանկ

Հայաստանում «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի շինարարության 4-րդ փուլի տեխնիկատնտեսական հիմնավորումը պատրաստ կլինի 2014թ. ապրիլի վերջին:
Ինչպես հաղորդում է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) մամուլի ծառայությունը, այդ մասին նախօրեին ԵԱԶԲ-ում կայացած հանդիպման ընթացքում հայտարարել են ՀՀ կառավարության ներկայացուցիչները:
$100 մլն ծավալի այդ նախագիծը մշակվում է ԵԱԶԲ-ում (որը հանդես է գալիս որպես ԵվրԱզԷՍ-ի Հակաճգնաժամային հիմնադրամի միջոցների կառավարիչ)` Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հետ փոխգործակցությամբ:
Հակաճգնաժամային հիմնադրամի Խորհրդի կողմից նախագծի վերջնական հաստատման դեպքում դրա ֆինանսավորումը կարող է սկսվել արդեն 2014 թվականին:
Հիշեցնենք, որ 2013թ. հունիսին ԵվրԱզԷՍ-ի Հակաճգնաժամային հիմնադրամի Խորհուրդը հավանություն էր տվել այդ ներդրումային ծրագրի հայեցակարգին եւ Հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից ֆինանսավորման նախնական հայտի ԵԱԶԲ-ի եզրակցությանը: Հիմնադրամի Խորհրդի այդ որոշումները թույլ էին տվել սկսել ծրագրի տեխնիկատնտեսական հիմնավորման նախապատրաստումը:
Հանդիպման արդյունքներով կողմերը պայմանավորվել են անցկացնել ԵԱԶԲ-ի, ԱԶԲ-ի եւ ՀՀ տրանսպորտի նախարարության համատեղ առաքելություն այս տարվա մարտ-ապրիլ ամիսներին: