
Դմիտրի Յարոշն իր թեկնածությունն առաջադրելու է Ուկրաինայի նախագահական ընտրություններում

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ուկրաինական «Աջ սեկտոր» շարժման առաջնորդ Դմիտրի Յարոշը, որի նկատմամբ Ռուսաստանում քրեական գործ են հարուցել և Ռուսաստանի Հետաքննչական կոմիտեն հայտարարել է միջազգային հետախուզում, իր թեկնածությունն է առաջադրելու Ուկրաինայում կայանալիք նախագահական արտահերթ ընտրություններում:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Աջ սեկտորի» կիևյան շտաբի նախագահ Անդրեյ Տարասենկոն. «Մենք համագումար ենք պատրաստում, որի ժամանակ կուսակցությունը վերանվանվելու է: Մենք մասնակցելու ենք Կիևի ընտրություններին, տեղական բոլոր խորհուրդների, քաղաքների ու գյուղերի ընտրություններին: Դա նշանակում է, որ Դմիտրի Յարոշն իր թեկնածությունն առաջադրելու է Ուկրաինայի նախագահական ընտրություններում»:
Ուկրաինայում նախագահական արտահերթ ընտրությունները նշանակված են այս տարվա մայիսի 25-ին: