
ԱՄՆ-ը Սնոուդենի բացահայտումներից հետո անվտանգության միջոցների վրա կծախսի միլիարդավոր դոլարներ

BBC-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի հատուկ ծառայություններին անհրաժեշտ է երկու տարի ու միլիարդավոր դոլարներ՝ անվտանգության ուժեղացման համար այն բանից հետո, ինչ նրանց նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը բացահայտեց գաղտնի տեղեկություններ: Այս մասին այսօր հայտարարել է ԱՄՆ-ի զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Մարտին Դեմփսին.
«Առևանգված փաստաթղթերի ճնշող մեծամասնությունն առնչվում է մեր ռազմական հնարավորություններին, օպերացիաներին, մարտավարությանը, մեթոդներին ու ընթացակարգերին: Ստեղծվել է միջգերատեսչական խումբ, որը կգնահատի Սնոուդենի գործողությունների պատճառած վնասի չափը, ինչպես նաև կորոշի, թե հետագայում ինչպես կանխել նման արտահոսքը: Դրա համար հատուկ խմբին անհրաժեշտ կլինի մոտ երկու տարի: Ես կարծում եմ, որ դա կարող է արժենալ միլիարդավոր դոլարներ»: