
Վրաստանի ԱԳՆ-ը Ռուսաստանին մեղադրել է իր օդային տիրույթ ներխուժելու մեջ

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի ԱԳՆ-ը հայտարարել է ռուսական թռչող սարքերի կողմից երկրի օդային տիրույթի խախտման մասին և ռուսական կողմի գործողությունները որակել է որպես «սադրիչ»: Այս մասին նշված է Վրաստանի ԱԳՆ-ի տարածած երեկվա հատուկ հայտարարությունում:
Վրաստանի ԱԳՆ-ի տվյալներով՝ երեկ, ժամը 12.20-ին Հարավային Օսիայի կողմից ռուսական «Մի-8» ուղղաթիռը մուտք է գործել Վրաստանի օդային տիրույթ և անցել է Գորիի շրջանի ոստիկանատաների ու պահակակետերի վրայով: Նույն օրն Աբխազիայի կողմից անօդաչու թռչող սարքը ժամը 18.22-ին մտել է Վրաստանի կենտրոնական իշխանությունների վերահսկած օդային տիրույթ:
Վրաստանի ԱԳՆ-ը մտահոգություն է հայտնել Վրաստանի ինքնիշխանության տարածքային ամբողջականության, ինչպես նաև 2008 թվականի օգոստոսի 12-ի Հրադադարի մասին համաձայնագրի խախտման հերթական փաստի կապակցությամբ: