
Վրաստանի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինայի վերաբերյալ

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինայի մասին, որը մշակել է խորհրդարանական մեծամասնությունը՝ «Վրացական երազանք» դաշինքը:
Դրա օգտին արտահայտվել է 74 պատգամավոր: Դրանում Վրաստանի խորհրդարանը լիակատար աջակցություն է հայտնում Ուկրաինայի ազատասեր ժողովրդի եվրոպական ընտրությանն ու Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը:
Վրաստանի խորհրդարանը դատապարտել է ինքնիշխան Ուկրաինայի դեմ Ռուսաստանի բռնի գործողությունները, նրա կողմից միջազգային իրավունքի նորմերի ու երկկողմ համաձայնագրերի խախտումը:
Վրաստանի խորհրդարանը երկրի կառավարությանը խնդրել է շարունակել խորհրդակցություններն Ուկրաինայի իշխանական ներկայացուցիչների հետ և անհրաժեշտության դեպքում գործուն աջակցություն հայտնել Ուկրաինայի եղբայրական ժողովրդին: