
Կանադայի իշխանությունները ռուս զինծառայողներին վտարելու մասին որոշում են կայացրել

CTV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Կանադայի իշխանությունները որոշել են երկրից վտարել նրանում գտնվող ռուս բոլոր զինծառայողների՝ 9 մարդ: Այս մասին հեռուստաալիքին հայտնել է կառավարական շրջանակներում նրա աղբյուրը: Նրա խոսքերով՝ Կանադայում գտնվող ռուս զինծառայողներին տրվել է մեկ օր ժամանակ՝ երկրի տարածքը լքելու համար:
Նրանցից 6-ն այժմ Քվեբեկի նահանգում սովորում են անգլերեն ու ֆրանսերեն լեզուներ, ևս մեկն իր կանադացի գործընկերների համար դասավանդում է ռուսերեն, իսկ երկու զինծառայող էլ նախապատրաստություն է անցնում Նյու-Բրանսուիկ նահանգի Գեյջթաուն ռազմաբազայում:
Ռուս զինծառայողներին վտարելը համընկել է Ղրիմում հանրաքվե անցկացնելու մասին երեկ կայացված որոշման հետ, որը հարուցել է պաշտոնական Օտտավայի դժգոհությունը: Սրանից առաջ Կանադան կասեցրել էր Ռուսաստանի հետ տնտեսական ու ռազմական համագործակցությունը՝ կապված Ուկրաինայի զարգացումների հետ: