
Պուտինն Ուկրաինայի հարցը քննարկել է Օբամայի հետ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ, որի ժամանակ քննարկել է Ուկրաինայում տիրող իրավիճակը: Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Հեռախոսազրույցի ժամանակ Պուտինը հայտարարել է, որ երկու երկրները միջազգային առանձին, թեկուզև կարևոր խնդիրների պատճառով չպետք է զոհաբերեն իրենց (ռուս-ամերիկյան) հարաբերությունները: Նշվում է, որ քննարկման ժամանակ կողմերի միջև տարաձայնություններ են ծագել՝ կապված Ուկրաինայում ներկայիս ճգնաժամի ու ստեղծված իրավիճակի առաջացման պատճառներին գնահատական տալու հետ:
Պուտինի խոսքերով՝ Ուկրաինայի ներկայիս ղեկավարությունը երկրի արևելյան ու հարավ-արևելյան շրջաններին ու Ղրիմին պարտադրում է բացարձակապես ոչ լեգիտիմ որոշումներ: Պուտինը կարևորել է ռուս-ամերիկյան հարաբերությունները՝ աշխարհում կայունություն ու անվտանգություն ապահովելու համար. «Այդ հարաբերությունները չպետք է զոհաբերվեն միջազգային առանձին, թեկուզև բավական կարևոր խնդիրների շուրջ ծագած տարաձայնությունների համար»: