Ինչո՞ւ ԲՀԿ-ն չի հստակեցնում իր դիրքորոշումը

Արդյոք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վերջին հայտարարությունը` Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու մասին, որոշակիություն մտցնո՞ւմ է գործընթացում: 168.am-ի հետ զրույցում այս հարցի վերաբերյալ իր կարծիքը հայտնելով` ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը պատասխանեց. «Որոշակիությունը կապված է շատ կոնկրետ հարցերի հետ, որոնք մենք առաջ ենք քաշում: Մասնավորապես, ես ինքս խորհրդարանական տարբեր ձևաչափեր շրջանակներում դնում եմ այդ հարցերը:

Իսկ դրանք շատ կոնկրետ են. մայրցամաքային սահման չունենալու պարագայում արտոնությունների մասով, այլընտրանքային ներմուծման հետ կապված մաքսային արտոնություններ, կոմունիկացիաների խնդիր` մասնավորապես աբխազական երկաթգիծը, տարանցման հետ կապված վճարներ, ծախսեր, բնական է` էներգակիրների սակագներ, միգրացիոն խնդիրներ, որոնք այսօր էլ կան, և այլն: Սրանք շատ կոնկրետ հարցեր են և դրանց ակնկալվում է քաղաքացու համար հասանելի լեզվով պատասխան»:

Տիգրան Ուրիխանյանի խոսքով` ասել, թե Պուտինի հայտարարությունը, հատկապես սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանի` Մաքսային միությանը և Եվրասիական տնտեսական տարածքին միանալու որոշման մասին հայտարարությունից հետո, սպասված չէր, այնքան էլ ճիշտ չէ, բայց, միևնույն ժամանակ, այնքան էլ ճիշտ չի լինի ասել, թե սպասված էր, երբ չեն տրվել օդում առկախված հարցականների պատասխանները` Մաքսային միության ձևաչափի վերաբերյալ:

Մենք հետաքրքրվեցինք` արդյոք ԲՀԿ-ն հստակեցրե՞լ է իր դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ, ի վերջո, կո՞ղմ է Մաքսային/Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությանը, թե՞ ոչ:

Կարդացեք նաև

«Այս և մի շարք այլ հարցերի պատասխանները մենք մինչ օրս չենք ստացել:  Էկոնոմիկայի նախարարը համարձակություն, ներողություն, հանդգնություն ունեցավ հրապարակավ հայտարարելու, որ նա տեղեկություններ չունի մի շարք առաջնային հարցերի վերաբերյալ, ինչն առնվազն զարմանք է առաջանցում: Հետևաբար, մենք ինքներս ունենք ինֆորմացիայի պակաս, այս պարագայում մնում է հուսալ, որ բանակցություն վարող կամ ճանապարհային քարտեզներ գծագրող ու ձևակերպող պատասխանատու մարդիկ, պատկան կառույցներն ականջալուր կլինեն մեր, այլ քաղաքական ուժերի, հանրության հարցադրումներին, պահանջներին և  կպաշտպանեն ազգային ու պետական շահն իրենց բանակցություններում»,- ի պատասխան ասաց ԲՀԿ մամուլի խոսնակը:

Իսկ հարցին, թե ինքը և՞ս «անշրջելի» է համարում Մաքսային միությանը Հայաստանի անդամակցումը, Տիգրան Ուրիխանյանը պատասխանեց, թե Հայաստանի Հանրապետությունը պիտի անդամակցի Մաքսային միությանը կամ այլ միջազգային, միջպետական կառույցներին, եթե դա բխում է մեր երկրի ու քաղաքացու տեսանելի, շոշափելի շահերից:

«Կարճ ասած` եթե դրական է, ուրեմն՝ պիտի անդամակցի, եթե ոչ, ուրեմն՝ պիտի չանդամակցի: Ես չեմ պատկերացնում` ինչպես կարելի է անդառնալի համարել մի իրավիճակ, որը մեզ համար բացասական կլինի: Տա Աստված, որ միությունը կայանա, մասնակցող, անդամակցող պետությունները դիտարկեն իրենց ազգային ու պետական շահը մեկը մյուսի համատեքստում և ստանան: Կանդամակցի ՀՀ-ն ստեղծվող միությանը, թե ոչ, կոնկրետ մեր շահից է կախված: Կկայանա՞, թե՞ չի կայանա, այդ առումով ունեմ զուտ բարի մաղթանքներ»,- ավելացրեց Տիգրան Ուրիխանյանը:

Հիշեցնենք, որ ՄՄ-ին Հայաստանի անդամակցման անշրջելիության մասին վերջերս խոսել էր Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, մարտի 1-ի ելույթում նա  մասնավորապես ասել էր. «Հասկանալի է, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցումն այլևս անշրջելի է, իսկ Եվրոինտեգրումը` տեսանելի ապագայում անհնարին։ Ըստ այդմ, թե՛ Կոնգրեսը, թե՛ ընդհանրապես որևէ քաղաքական ուժ, իր հաշվարկները կատարելիս, այսուհետև պարտադրված է մեկնել այս անժխտելի իրողությունից, քանի որ դրա անտեսումը, ծնելով սին պատրանքներ ու կեղծ օրակարգեր, կարող է հանգեցնել լուրջ սխալների ու վտանգավոր հետևանքների»:

Տեսանյութեր

Լրահոս