Սուրեն Խաչատրյանի սենսացիոն բացահայտումը` ինչո՞ւ էր Բուդաղյանը փորձում իրենց ընտանիքից վրեժխնդիր լինել (տեսանյութ). shamshyan.com

«Ավետիք Բուդաղյանը Գորիսի քաղաքապետի ընտրություններում երկու անգամ թեկնածություն է դրել, բայց երկու անգամ էլ ես ուրիշի եմ պաշտպանել: Վերջում հասկացա, որ իր մեջ կուտակված թշնամանք կար, որ անպայմանորեն ուզում էր ինչ-որ բանով պատասխանել: Բայց նա դրա համար այդ քայլին չպետք է գնար»,- այս մասին, ըստ shamshyan.com-ի՝ ասել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը:

– Պարոն Խաչատրյան, տեւական ժամանակ է անցել, կցանկանայինք լսել ձեր տեսակետը, թե իրականում ի՞նչ է տեղի ունեցել:

– Դա մի ահավոր ողբերգություն էր թե՛ այդ մարդկանց համար, թե՛ մեր ընտանիքի: Այդ ամենը խմիչքի հետեւանք էր, որը բերեց այս ողբերգությանը: Մի բան եմ հասկացել եւ կարծում եմ, որ ցանկացած նորմալ մարդ այդպես է մտածում՝ «պետք է արյուն թափած լինես կամ կոնկրետ ընտանիքին բարոյական վնաս տված լինես, որ մարդիկ այդպես թշանամաբար տրամադրված լինեն եւ զենքով գան, հարձակվեն տան վրա: Բայց ո՛չ առաջինը, ո՛չ էլ երկրորդը չի եղել: Ընդհակառակը, ջերմ հարաբերություններ են եղել այդ ընտանիքի հետ: Այս քսանհինգ տարիների ընթացքում խնդիրներ չեն եղել: Ճիշտ է, եղել են, բայց քաղաքական խնդիրներ:

Ավետիքը երկու անգամ Գորիսի քաղաքապետի թեկնածություն է դրել, բայց երկու անգամ էլ ես ուրիշի եմ պաշտպանել: Վերջում հասկացա, որ իր մեջ կուտակված թշնամանք կար, որ անպայմանորեն ուզում էր ինչ-որ բանով պատասխանել: Բայց նա դրա համար այդ քայլին չպետք է գնար: Համենայնդեպս փորձագետների եզրակացությունը այնպիսին էր, որ Ավետիքի խմածության աստիճանը չափից շատ էր՝ վեց ու յոթ տրամամիլի:

Կարդացեք նաև

Ես փորձագետ չեմ, բայց փորձագետների գնահատականը այնպիսին է, որ խմածության այդ աստիճանում մարդը կարող է նույնիսկ մահանալ: Այդ խմածության հետ նրա մեջ այնքան թշնամանք կար, որ երբ իրեն մեքենայից իջեցնում եմ, մեկ ուրիշը տանում, նրա հետ փաթաթվում են եւ տանից զենքերը վերցնում եւ գալիս է մեր տան վրա: Ցավալին այն է, որ իր ընտանիքի անդամները, ծնողները, որեւիցե մեկը չի ասում. «Գիշերվա կես, քեֆդ՝ լավ, զենքերդ վերցնում ես, ու՞ր ես գնում»:

-Մեքենայի մեջ ի՞նչ զրույց եք ունեցել: Ինչի՞ց է զրույցը սկսել:

-Ես քննություն չեմ ուզում տալ, բայց մեքենայի մեջ տեղի է ունեցել այն, ինչ տեղի է ունեցել: Իր հարբացության աստիճանը այնքան շատ էր, որ իրեն ճիշտ չկարողացավ դրսեւորել, ես էլ իրեն իջեցրեցի եւ թողեցի, գնաց: Վեճ չի եղել, մեքենայի մեջ ձեր ասած քաշքշոցը չէր էլ կարող լինել: Իր պահվածքից ելնելով՝ վարորդին ասացի՝ կանգնեցրու, թող իջնի: Դրա մասին եմ խոսում մարդու մեջ ինչքան կուտակված թշնամություն պետք է լինի, որ այդքանից հետո հասավ տուն, զենքերը վերցրեց, եկավ մեր տան վրա: Եթե ինքը խփեր-սպաներ մեզ, եթե հակառակը լիներ, երկու դեպքում էլ ողբերգություն է: Եվ նորից եմ կրկնում, ցավը այն է, որ ծնողը տեսնում է, որ նա գնում է ողբերգության ու դեմը չի առնում:

-Հակառակ կողմը ասում է, որ կրակոց է եղել նաեւ վերեւից: Դուք կրակե՞լ եք, թե՞ ոչ:

-Դա փաստաբանի երեւակայությունն է: Ես ոչ միայն չեմ կրակել, այլեւ դեպքի մասին չեմ իմացել: Ամբողջ մարզի, հանրապետության ոստիկանությունը եւս համոզվել են, որ ես այդ դեպքին մասնակցություն չեմ ունեցել: Ես ուզում եմ մարդկային լեզվով ձեզ մի բան ասել: Փորձագետների եզրակացությամբ Ավետիքին կպած չորս փամփուշտը նույն զենքից է: Խնդրում եմ՝ ճիշտ հասկանաք. ո՞նց կարող էր այդ նույն զենքը եւ ներքեւից, եւ վերեւից կրակեր: Տրամաբանեք: Բացի այդ, ամենը տեղի է ունեցել երկու րոպեում: Ես դեպքերի ժամանակ քնած եմ եղել: Ճիշտ է, զարմանալի է, թե ոնց չեմ լսել, բայց նախ մեր պատուհաններն են հերմետիկ, երկրորդ՝ այդ աղմուկը ձայները կլանում է: Ես մեղքի զգացում չունեմ, բայց ցավ եմ ապրում, որ երիտասարդ տղա է մահացել եւ այդ արյունը մեր տանն է թափվել:

Այդ ցավն եմ ապրում, բայց մեղքի զգացում չկա: Որեւէ մեկին թույլատրված չի առանց պատճառի, խորը թշնամությամբ գնաս մարդու տան վրա հարձակվես: Իրանց փաստաբանն էլ է այսօր համոզված, որ Արտակը եկել է զինված, թշնամաբար եւ սպառնալիքով:

– Իսկ դեպքից հետո նրանց հետ հանդիպել, միջնորդավորված զրույցներ ունեցե՞լ եք, թե՞ ոչ:

-Չեմ հանդիպել եւ հանդիպելու ցանկություն էլ չունեմ:

-Թեեւ նշեցիք, որ ոչ ոքի չեք դիմել, բայց կուսակցական կապերն էլ չօգտագործեցի՞ք:

-Ես ուզում եմ՝ ինձ ճիշտ հասկանաք: Կան շատ դեպքեր, երբ Հանրապետության նախագահը ՀՀԿ-ի անդամներին, իր կողքին կանգնած մարդկանց սխալի համար շատ խիստ պատժում է: Այդպիսի բազմաթիվ դեպքեր ունենք: Ով էլ ուզում է լինի. ես լինեի, եթե արյուն էր թափվել ու ես թեթեւ անգամ սխալ ունենայի, ամենավերջին ձեւով կպատժվեի: Ես նախագահի հետ չեմ քննարկել: Նախագահը այս հարցը քննարկել է դատախազի եւ ոստիկանապետի հետ: Մեր նախագահին բոլորը գիտեն: Կան բազմաթիվ մարդիկ, որ ՀՀԿ անդամ են, նախագահի մտերիմ եւ իրենց սխալի արարքների համար նախագահը նրանց պատժել է: Ես ինքս էլ, եթե սխալ լինեի, եւ նախագահը ինձ պատժեր, չէի մեղանչի:

-Կոպիտ ասած՝ ստացվում է, որ իզուր տեղը մարզպետի պաշտոնից հրաժարվեցիք: Այդ սխալը հնարավո՞ր է ուղղել:

-Հավատացեք, որ դա ոչ թե փրկագին էր, այլ առաջին օրերի աղմուկից հետո շահարկում էին, թե ես կարող եմ մարզպետի պաշտոնով ազդել քննությանը: Ես գնացի տղամարդավարի հրաժարվեցի, որ որեւէ մեկը նման բան չմտածի: Ավելին` քննությունը որքան օբյեկտիվ անցկացվեր, այնքան իմ օգուտն էր լինելու: Ճիշտը ջրի երես դուրս եկավ, եւ հանրության մեծ մասը համոզված է, որ ես եւ իմ տղան մեղք չունենք: Ես կվերադառնամ, թե չեմ վերադառնա մարզպետի պաշտոնին, դա որոշողը մեկն է` երկրի նախագահը: Եթե վաղը երկրի նախագահը կորոշի, որ ես պետք է նորից Սյունիքին ծառայեմ, կծառայեմ: Չնայած առանց պաշտոնի էլ ծառայում եմ:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:
Տեսանյութը՝ «Ազատություն»
ռադիոկայանի

Տեսանյութեր

Լրահոս