Վազգեն Մանուկյան. Հայաստանը երբևէ չի հրաժարվել եվրաինտեգրման իր քաղաքականությունից
ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը մարտի 1-5-ը Ռումինիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ և Ռումինիայի Հայոց միության հրավերով գտնվել է Բուխարեստում: Այցի շրջանակներում ՀԽ նախագահը դասախոսություններով հանդես է եկել Բուխարեստի առաջատար քաղաքագիտական-վերլուծական կենտրոններում, հանդիպումներ ունեցել Ռումինիայի տնտեսական և սոցիալական խորհրդի նախագահ Ֆլորիան Կոստակեի, Ռումինիայի խորհրդարանի Հայաստան-Ռումինիա բարեկամության խմբի նախագահ Աուրել Վլադոյուի, Ռումինիայի Հայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանի, ինչպես նաև Ռումինիայի խորհրդարանի փոքրամասնությունների խմբի ղեկավար Վարուժան Փամբուկչյանի հետ: Հայ մշակույթի տանը ՀԽ նախագահը հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ, մասնակցել Սումգայիթի զոհերի ոգեկոչման պատարագին:
Քաղաքագիտական-վերլուծական կենտրոններում Վազգեն Մանուկյանն իր ելույթներում անդրադարձել է Ղարաբաղյան շարժման և Հայաստանի անկախության ձեռքբերման պատմությանը, խոսել Հայաստանի ներկայիս արտաքին մարտահրավերների, Արցախյան հիմնախնդրի, հայ-թուրքական հարաբերությունների մասին:
Բուխարեստի Տիտուլեսկու եվրոպական հաստատությունում տեղի ունեցած հանդիպմանը, որին ներկա են եղել Ռումինիայի արտգործնախարարության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, դեսպաններ, քաղաքագետներ, վերլուծաբաններ, քննարկում է ծավալվել Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ՝ մասնավորապես կապված Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների, Հայաստանի կողմից Մաքսային միությանն անդամակցելու որոշման հետ:
Մանուկյանը շեշտել է, որ Հայաստանը երբևէ չի հրաժարվել եվրաինտեգրման իր քաղաքականությունից և կառուցում է եվրոպական տիպի պետություն՝ հիմնված եվրոպական արժեքների և ժողովրդավարության վրա, մյուս կողմից, Հայաստանն անվտանգության խնդիրներից ելնելով, կապված է Ռուսաստանի հետ:
ՀԽ նախագահը, սակայն, հավելել է, որ Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու որոշումը պայմանավորված է ոչ միայն անվտանգության հարցերով, այլև տնտեսական գործոնով, քանի որ Հայաստանը ավանդաբար կապված է ռուսական շուկային, Ռուսաստանի հայ գործարարները մեծ ազդեցություն ունեն ռուսական բիզնեսում, հայկական շատ ապրանքներ այնտեղ մեծ պահանջարկ ունեն, մինչդեռ Եվրոպայում կարող են անմրցունակ լինել և այլն:
Չնայած Հայաստանի ներկա տնտեսական վիճակի պահպանումը կապված է ռուսական շուկայի հետ, Մանուկյանը նշել է, որ երկրի տնտեսության զարգացումներն ու արդիականացումը կապված են Եվրոպայի հետ:
Ռումինիայի տնտեսական և սոցիալական խորհրդի նախագահի հետ հանդիպման ժամանակ, որպես համանման կառույցների ղեկավարներ, կողմերը քննարկել են իրենց գործունեությանն առնչվող մի շարք հարցեր, ձեռք բերել պայմանավորվածություններ:
Հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ նույնպես հիմնականում բարձրացվել են Հայաստանի արտաքին հարաբերություններին առնչվող հարցեր:
Վազգեն Մանուկյանի այցը Ռումինիա լայնորեն լուսաբանվել է ռումինական լրատվամիջոցների կողմից: Իր հերթին ՀԽ նախագահը հարցազրույցներ է տվել ռումինական մի քանի լրատվամիջոցների:
Մանուկյանը կարևորում է դարերի ընթացքում հայերի ունեցած մեծ դերակատարումը Ռումինիայի պետության կայացման գործում, հայերի ներդրումները ռումինական մշակույթի, քաղաքականության մեջ և նշում, որ ռումինացիները նույնպես դա չեն մոռացել և մեծ հարգանքով են վերաբերվում հայ համայնքին ու ընդհանրապես՝ հայերին:
Հանրային խորհուրդ