
Իրանի դեմ Թուրքիայի հայցի քննումը կտևի մինչև տարեվերջ. Թաներ Յըլդըզ

Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել է, որ Իրանի դեմ Միջազգային միջնորդ դատարան Թուրքիայի ներկայացրած հայցի քննումը կտևի մինչև տարեվերջ:
Թուրքիան 2012 թվականի մարտին է դիմել այդ դատարանին՝ կապված իրանական գազի բարձր գնի հետ, որն Իրանը չի ցանկացել նվազեցնել: Յըլդըզի խոսքերով՝ Թուրքիան երկրորդ անգամ էլ է դիմել այդ դատարանին՝ կապված նրա հետ, որ իրանական կողմը Թուրքիային չի մատակարարել պայմանագրով նախատեսված ծավալի (տարեկան՝ 10 միլիարդ խորանարդ մետր գազ) գազ:
Յըլդըզը հայտարարել է, որ Միջազգային միջնորդ դատարանն այդ հարցը դիտարկելու է առանձին: Յըլդըզի խոսքերով՝ Թուրքիային չեն գոհացնում իրանական գազի գները: