
Ուկրաինայում պետբյուջեն կլցնեն գերատեսչական ավտոմեքենաների վաճառքով

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի կառավարությունը վաճառելու է իշխանության կենտրոնական մարմիններին պատկանող 1500 ավտոմեքենա: Դրանից ստացված միջոցները կուղղվեն բյուջե:
Ֆինանսների նախարար Ալեքսանդր Շլապակը հայտարարել է, որ յուրաքանչյուր նախարարությանը մնալու է մեկական ավտոմեքենա: Նա ընդգծել է, որ դա չի վերաբերելու ոստիկանության ու հրշեջների օպերատիվ մեքենաներին. «Մնացյալ բոլոր ավտոմեքենաները գնահատվելու են և հասարակության վերահսկողությամբ հանվելու են վաճառքի»:
Սրանից օրեր առաջ կառավարությունը մտցրել էր միջոցների տնտեսման խիստ ռեժիմ՝ պետհիմնարկներին արգելելով իրականացնել վերանորոգման աշխատանքներ ու առանց հատուկ թույլտվության ընդունել նոր աշխատատեղեր: Սահմանափակումներն առնչվել էին նաև արտասահմանյան գործուղումներին: