
Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն ու Բահրեյնն այսօր իրենց դեսպաններին հետ են կանչել Կատարից

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն ու Բահրեյնն այսօր միաժամանակ հետ են կանչել Կատարից իրենց դեսպաններին: Դեսպանները հայրենիք են կանչվել խորհրդակցության նպատակով:
Այդ կապակցությամբ երեք երկրների արտգործնախարարների տարածած համատեղ հայտարարությունում նշված է, որ դա արվել է որպես բողոքի նշան Կատարի կողմից իրենց ներքին գործերին միջամտելու դեմ:
Հայտարարությունում նաև նշված է, որ Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն ու Բահրեյնն իրենց դեսպաններին հետ են կանչել, որպեսզի պաշտպանեն իրենց կայունությունն ու անվտանգությունը, քանի որ Կատարը չի կատարում հարևան երկրների ներքին գործերին չմիջամտելու համար ստանձնած պարտավորությունները:
Դեմարշը տեղի է ունեցել այն բանից մեկ օր անց, ինչ Էր-Ռիյադում չափազանց լարված բանակցություններ են անցկացվել Պարսից ծոցի համագործակցության երկրների կազմակերպության արտգործնախարարների միջև:
Հարևանները կտրականապես քննադատել են Կատարի կողմից մի մարդու ազատ արձակելու մասին որոշումը, ով դրանից առաջ 7 տարով դատապարտված է եղել ԱՄԷ-ում՝ իսլամական անանուն խմբի հետ կապեր ունենալու համար: Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն ու Բահրեյնը գտնում են, որ դրանով իսկ Դոհան խախտել է մեկ տարի առաջ ստորագրված անվտանգության ոլորտի համագործակցության մասին պայմանագիրը: