
Գյուղացիները կիմանան, թե ինչ է մթերվելու

Մինչև մարտի 20-ը պատրաստ կլինի մթերողների կողմից պտուղբանջարեղենի և խաղողի մթերման ծավալների չափերը, որոնք կտրամադրվեն գյուղացիական տնտեսություններին, որպեսզի գյուղացիներն աշխատանքները սկսելուց առաջ իմանան, թե ինչ է մթերվելու և ըստ այդմ պլանավորեն իրենց աշխատանքները: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը՝ դրական գնահատելով անցած տարի ստեղծված պտուղբանջարեղեն մթերողների միությունը:
Ըստ նրա՝ մարզպետարանները նույնպես կաջակցեն գյուղացիներին մթերումների գործում:
Ռ.Մակարյանը նշեց, որ մայրաքաղաքում տոնավաճառները կշարունակեն գործել, նաև Երևանի քաղաքապետարանի հետ բանակցություններ են վարվում ու պահանջարակի դեպքում այլ վարչական շրջաններում ևս կբացվեն գյուղմթերքի տոնավաճառներ:
Փոխնախարարի խոսքով՝ անցած տարի Բելառուսից 120 տրակտոր էր ներկրվել, այս տարի արդեն ներկրվել է 100 տրակտոր, որոնք գյուղացիներին կտրվեն լիզինգով: