Որոշվել են «գազի» ժամանակավոր հանձնաժողովի 4 ենթախմբերի ներկայացուցիչները
Քիչ առաջ ավարտվեց ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երկրորդ դռնփակ նիստը: 168.am-ի հետ զրույցում հանձնաժողովի նախագահի տեղակալ, ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանն ասաց, որ նիստում քննարկվել են օրակարգային, աշխատանքային հարցեր, որոշվել են հանձնաժողովի 4 ենթախմբերի ներկայացուցիչները: Մ. Մելքումյանի խոսքով՝ ենթախմբերում ներկայացված են և՛ իշխանական, և՛ ոչ իշխանական պատգամավորներ:
«Այնպես չէ, որ մի խմբում բոլորը իշխանական, մյուս խմբում ոչ իշխանական պատգամավորներն են: Մենք պահպանել ենք համամասնությունը, բայց դա չի նշանակում, որ խմբերում ընդգրկված պատգամավորները կաշկանդված են աշխատել միայն այդ խմբում: Նրանք կարող են աշխատել և ծանոթանալ մյուս խմբերի աշխատանքների հետ: Խմբերը ձևավորվել են խնդիրների արդյունքում, որոնց դուք ծանոթ եք: Խոսքը գազի սակագնի, սպառողների շահերի, ներտնային սպասարկման, տրանզիտի, պարտքի ձևավորման օրինականության մասին է»,- ասաց նա: