Այսօր Մոսկվայում տեղի է ունենալու ՀԱՊԿ-ի Ռազմական կոմիտեի նիստը
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Մոսկվայում տեղի է ունենալու ՀԱՊԿ-ի Ռազմական կոմիտեի հերթական նիստը: Այս մասին հայտնել է կազմակերպության մամուլի ծառայությունը:
Նիստը նախագահելու է Ռազմական կոմիտեի նախագահ, Ռուսաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, Ռուսաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը:
ՀԱՊԿ-ի անդամ երկրների Պաշտպանության նախարարների խորհրդին կից ստեղծված Ռազմական հանձնաժողովի նիստին մասնակցելու են նաև ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը և ՀԱՊԿ-ի Միացյալ շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Ստուդենիկինը:
Ռազմական կոմիտեի կազմում ընդգրկված են ՀԱՊԿ-ի անդամ երկրների գլխավոր շտաբի պետերը: Նիստը տեղի է ունենանում ՀԱՊԿ-ի կանոնադրական մարմինների նիստին նախաշեմին, որը նշանակված է ընթացիկ տարվա ապրիլին:
Նիստում քննարկվելու են ՀԱՊԿ-ի տարածաշրջանում առկա ռազմա-քաղաքական իրավիճակը, կոլեկտիվ անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները, համատեղ միջոցառումների անցկացման հարցը և այլն: