Ռուսաստանը շարունակում է լաստանավերով զրահատեխնիկա փոխադրել Ղրիմ. ուկրաինացի սահմանապահներ
ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի պետական սահմանային ծառայությունը հայտնել է Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասից լաստանավերով Ղրիմ զրահատեխնիկայի փոխադրման մասին: Նրանք ընդգծել են, որ տվյալ գործընթացը գնալով նոր թափ է ստանում:
Ուկրաինացի սահմանապահները հայտնել են նաև զինվորական մի շարք շտաբների արգելափակման մասին, ինչպես նաև ծովային պահպանման սևաստոպոլյան ու կերչյան ջոկատների վրա իրականացված հարձակումների մասին: Նրանք կարծում են, որ այդ ամենն իրականացրել են ռուս զինվորականները՝ սակայն առանց տարբերակիչ նշանների:
Միևնույն ժամանակ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ հրաման է ստորագրել հատուկ ընկերության ստեղծման մասին, որը կզբաղվի Կերչի նեղուցի վրայով կամրջի կառուցումը: Նախագիծը գնահատվում է 3-5 միլիարդ դոլար:
Ուկրաինայի ու Ռուսաստանի միջև Կերչի նեղուցի վրայով կամուրջ կառուցելու մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել նախորդ տարվա դեկտեմբերին, Մոսկվայում՝ Վիկտոր Յանուկովիչի ժամանակաշրջանում:



