Թուրքիայում հայտնաբերվել է մոտ մեկ դար առաջ սպանված հայերի զանգվածային գերեզմանոց

Линга պորտալի փոխանցմամբ՝ փետրվարի 28-ին թուրքական մամուլը հաստատել է հնագետների կողմից պատմական Զերզիֆան ամրոցի տարածքում հայերի զանգվածային գերեզմանոցի հայտնաբերումը: Հնագետները Դիարբեքիր ու Մարդին քաղաքների միջև ընկած այդ ամրոցում պեղումներ կատարելիս հայտնաբերել են տասնյակ մարդկանց ոսկորներ:

Թուրքական ԶԼՄ-ների առաջին հաղորդումներում նշվում էր, որ հայտնաբերվածը պատկանում է նախորդ դարի 90-ական թվականներին մահապատժի ենթարկված «հանցագործներին» (ամենայն հավականությամբ, նկատի են ունեցել PKK-ի մարտիկներին – 168.am): Սակայն որոշ ժամանակ անց լրատվական գործակալությունների ճնշող մասը հրաժարվեց այդ տարբերակից:

Դիարբեքիրի շրջանում ՄԱԿ-ի՝ մարդու իրավունքների կազմակերպության ներկայացուցչության աջակցությամբ իրականացվեց հայտնաբերված ոսկորների դատա-բժշկական փորձաքննություն: Հետազոտության արդյունքները հաստատեցին նախնական տարբերակի սխալ լինելը, և որ այդ ոսկորները պատկանում են գրեթե մեկ դար առաջ սպանվածներին:

Նշվում է, որ Զերզիֆան ամրոցը պատմաբաններին հայտնի է որպես Օսմանյան կայսրության իշխանությունների կողմից իրականացված Հայոց ցեղասպանության ժամանակ հարյուրավոր հայերի ոչնչացման վայր: Փորձագետներն ընդգծում են, որ այն ժամանակ այդ ամրոցից կարողացել է փախչել միայն մեկ մարդ, ով էլ հետագայում պատմել է այդ համակենտրոնացման ճամբարի սարսափների մասին:

Տեսանյութեր

Լրահոս