Քաղաքապետարանի հակասական գործարքը՝ մոտ 115 հազար դոլարով
Երևանի քաղաքապետարանը վաճառել է Մ. Բաղրամյան փակ. 14 շենք, 162 տարածքում գտնվող նոտարական գրասենյակը: Գործարքը տեղի է ունեցել 2013թ. օգոստոսի 22-ին: Գնորդը՝ ՀՀ քաղաքացի Էդուարդ Այվազյանը, 136.1 քմ մակերեսով տարածքի դիմաց քաղաքապետարանին վճարել է 47 միլիոն 520 հազար ՀՀ դրամ:
Հիշեցնենք, որ այս տարածքը համարվում է հանրապետության ամենահին նոտարական գրասենյակը (մոտ 40 տարի): Անցյալ տարվա հունիսին դատարանը բավարարեց Երևանի քաղաքապետարանի հայցն ընդդեմ Կենտրոն նոտարական տարածքի նոտարներ Ալվարդ Մելքոնյանի, Էմմա Շաբոյանի, Նունե Սարգսյանի` գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ պահանջելու պահանջի մասին` նոտարներին պարտավորեցնելով ազատել վերոնշյալ տարածքը, այն վերադարձնելով Երևան համայնքին։ Տարիների ընթացքում գրասենյակի նոտարները պարբերաբար դիմել են քաղաքային իշխանություններին՝ պահանջելով անհատույց օգտագործման պայմանագիր կնքել իրենց հետ: Նոտարները նույնիսկ ցանկացել են գնել կամ վարձակալել այդ տարածքը, սակայն քաղաքապետարանը համառորեն մերժել է նրանց:
Սակայն դատարանի վճռից երկու ամիս անց քաղաքապետարանը վաճառել է գրասենյակի տարածքը: Ամենաուշագրավը, պարզվում է, այն է, որ այդ գործարքն օրինական չէ: Բանն այն է, որ դատարանի որոշումից հետո արդեն նախկին նոտար Ալվարդ Մելքոնյանը դիմել է վճռաբեկ դատարան: Մինչև վճռաբեկ դատարանի որոշում կայացնելը քաղաքապետարանն իրավունք չի ունեցել վաճառել տարածքը: Այդ մասին տեղյակ են եղել քաղաքապետարանում: Մեզ հետ զրույցում Ա. Մելքոնյանը հավաստիացրեց, որ 2013թ. հոկտեմբերի 23-ին ինքն այդ տարածքի խնդրի հետ կապված նամակ է ստացել քաղաքապետարանից, որում, մասնավորապես, նշված է, որ «Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղու 14 շենքի թիվ 162 տարածքի վերաբերյալ առկա է դատական գործընթաց»: Նամակը ստորագրել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանը: Նույն անձը, ով երկու ամիս առաջ ստորագրել էր այդ տարածքի առուվաճառքի պայմանագիրը՝ իմանալով, որ տարածքի վերաբերյալ առկա է դատական գործընթաց:
Մեր հարցին, թե ճանաչո՞ւմ է արդյոք տարածքի գնորդ Էդուարդ Այվազյանին՝ Ա. Մելքոնյանը պատասխանեց, որ իր համոզմամբ, նա ընդամենը «դրածո» է: Հիշեցնենք, որ 168.am-ի հետ զրույցում Ալվարդ Մելքոնյանը վերոնշյալ տարածքից նոտարներին վտարելու մեջ նախկինում մեղադրել էր արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին:
Ի դեպ, մեր տեղեկություններով, նոտարական տարածքի նոր գնորդը տարածքում գործող երկու նոտարներից յուրաքանչյուրից գանձում է ամսական մոտ 2000 ԱՄՆ դոլար:
ԱՐՍԵՆ ԱԲԳԱՐՅԱՆ



