
Իրանը կարող է սկսել սեփական արտադրության զենքի արտահանում. Ռոուհանի

Իրանական IRINN հեռուստաալիքի փոխանցմամբ` Իրանի նախագահ Հասան Ռոուհանին դիմել է երկրի պաշտպանության նախարարությանը` առաջարկելով այլ երկրներ արտահանել հայրենական արտադրության ռազմական արտադրանքը: Ռոուհանին այս մասին հայտարարել է Իրանի Պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ:
Ռոուհանիի խոսքերով` սպառազինության արտահանումը կարևոր է այլ երկրների հետ հարաբերությունների ամրագրման տեսանկյունից: Ռոուհանին նաև ընդգծել է, որ երկրի զարգացումն անհնար է առանց նրա անվտանգության ապահովման: Ռոուհանին հավելել է, որ խաղաղ դիվանագիտությունը կարող է դառնալ արդյունավետ միջոց` այլ երկրների հետ սերտ կապեր հաստատելու համար:
Նախագահն ընդգծել է, որ Իրանի զինված ուժերը պետք է ուշադրություն դարձնեն թե’ երկրի ներսում, թե’ երկրից դուրս ծագող սպառնալիքների կանխմանը. «Իրանի արտաքին քաղաքականությունը հենված է խաղաղության և այլ երկրների հետ փոխադարձ վստահության ամրապնդման վրա:
Զանգվածային ոչնչացման զենքի (ԶՈԶ) արտադրությունն Իրանի համար այն գիծն է, որը երկիրը երբեք չի հատի: ԶՈԶ-ի արտադրությունը հակասում է միջազգային կոնվենցիաների, այդ թվում նաև Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի սկզբունքներին: Եթե Իրանը ցանկանար ստեղծել ԶՈԶ, ապա ավելի հեշտ կլիներ քիմիական կամ կենսաբանական զենք պատրաստելը»: