Բաժիններ՝

«Գազպրոմը» Ուկրաինային սպառնացել է չեղյալ հայտարարել իր գազային զեղչը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` ռուսական «Գազպրոմը» սպառնացել է չեղյալ հայտարարել ուկրաինական իշխանությունների համար արած գազային զեղչը, եթե նրանք չմարեն պարտքերը: Այս մասին այսօր հայտարարել է ընկերության ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիյանովը:

Նա մանրամասնել է, որ գազային զեղչի մասին պայմանավորվածությունը նախատեսել է մատակարարված գազի համար ժամանակին վճարումներ: «Գազպրոմի» ներկայացուցիչը պարզաբանել է, որ Կիևի պարտքը կազմում է 1.54 միլիարդ դոլար:

Բացի այդ, չվճարված են մնում այս տարվա մատակարարումները. «Ուկրաինայի հետ մեր հարաբերությունները լավ են, տարանցումն ընթանում է, սակայն պետք է վճարել գազի համար»:

Հիշեցնենք, որ նախորդ տարեվերջին Ռուսաստանը Ուկրաինային մատակարարվող հազար խորանարդ մետր գազի գինը մոտ 400 դոլարից նվազեցրել էր 268.5 դոլարի: Բացի այդ, օրեր առաջ ռուսական կողմը հայտարարեց, որ Ուկրաինային չի հատկացնելու խոստացած 15 միլիարդ դոլար կազմող վարկի մնացյալ 12 միլիարդ դոլարը, քանի որ վտանգ է առաջացել, որ արդեն իսկ հատկացված 3 միլիարդ դոլարը կարող է հետ չվերադարձվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս