Ներկայիս ցնցումներն ու զոհերն Արևմուտքի անպատասխանատու քաղաքականության հետևանք են. Յանուկովիչ
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը Դոնի Ռոստովում ընթացող մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ներկայիս ցնցումները և զոհերը քաղաքական ճգնաժամի հետևանքներն են, Արևմուտքի անպատասխանատու քաղաքականության հետևանք են, որը խրախուսել է «Մայդանին».
«Սակայն Ուկրաինան ուժեղ երկիր է, և մենք անպայմանորեն դուրս կգանք ստեղծված իրավիճակից: Պետք է կազմակերպել զենքի անհապաղ հանձնումը ներքին գործերի մարմիններին: Զինված անձինք պետք է հեռանան փողոցներից: Ուկրաինայում պետք է ապահովել քաղաքացիների նորմալ կյանք:
Պետք է անցկացնել հանցագործությունների անկողմնակալ հետաքննություն: Պետք է հաշվի առնել Ուկրաինայի բոլոր շրջանների շահերը: Մենք պետք է դուրս գանք այս ճգնաժամից, որում հայտնվել է երկիրը»:
Յանուկովիչն առաջարկել է մոտ ժամանակներս անցկացնել համազգային հանրաքվե: Յանուկովիչը հայտարարել է, որ Գերագույն ռադան լեգիտիմ չէ, և որ ինքը չի մասնակցելու մայիսի 25-ին նշանակված նախագահական ընտրություններին, որոնց անցկացումը որակել է որպես «ապօրինի»: