Վիճակագրությունը հաստատեց ձախողումը. 2013թ. ՀՆԱ-ի աճը 3,5% է
2013 թվականին Հայաստանում համախառն ներքին արդյունքի աճը կազմել է 3.5 %: Այս ցուցանիշն այսօր հրապարակել է Ազգային վիճակագրական ծառայությունը: Ըստ այդմ՝ ՀՀ-ում անցած տարի արտադրվել է 4 տրլն 266 մլրդ 799.3 մլն դրամի ապրանք և ծառայություններ: ԱՎԾ-ն ևս մեկ անգամ ապացուցեց կառավարության անկարողությունը՝ իր խոստումները պահելու հարցում, թեև կասկածի տակ չի դրվում, որ ԱՎԾ-ն ամեն կերպ ջանում է գոհացնել ու հնարավորն անում է իշխանահաճո թվեր հրապարակելու համար: Ի սկզբանե՝ 2013 թ. բյուջեով ՀՆԱ աճը սահմանվել էր 6.2%, տարվա ընթացքում հետզհետե այդ ցուցանիշը նվազեց և 2013-ի նոյեմբերին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը հայտարարեց, որ ՀՀ կառավարության կանխատեսումը 4.2% է: Նշենք, որ Հայաստանի ՀՆԱ աճի առումով միջազգային կառույցներից առավել վատատեսը Վերակառուցման և զարգացման բանկն էր, որն իր կանխատեսումը նոյեմբերին կտրուկ նվազեցրել էր մինչև 2.5%, իսկ ամենալավատեսը Համաշխարհային բանկն էր, որի կանխատեսմամբ ՀՆԱ-ն պետք է կազմեր 5%, իսկ ըստ ԱՄՀ-ի ՀՀ ՀՆԱ-ն կաճեր 4.5-4.6%, ըստ Եվրասիական զարգացման բանկի՝ 4.5%: Փաստորեն, ՀՀ կառավարությունը բոլոր միջազգային կառույցներ կանխատեսումներն ի չիք դարձրեց: