Բաժիններ՝

Ազատամարտիկներ. Շահարկվում է մեր նորագույն պատմության ամենաողբերգական էջերից մեկի` մարտի 1-ի անմեղ զոհերի հիշատակը

Ամիսներ շարունակ ականատեսն ու մեր լռությամբ ակամա մասնակիցն ենք դարձել մի վտանգավոր երևույթի, որն իր մեջ պարունակելով բազմաթիվ սպառնալիքներ, միաժամանակ, լոկ մեկ օղակն է բազմաքայլ մի խաղի, որը նոր վտանգներ է բերում Հայաստանին ու հայ ժողովրդին:

Արդեն ավելի քան քառորդ դար հաղորդակցական ուղիների գրեթե լրիվ շրջափակման մեջ գտնվելով հանդերձ, անկախ պետականություն կերտած, Հայաստանն ու Արցախը պաշտպանած ժողովրդին որոշ թափթփուկներ փորձում են ներքաշել ինչ-որ գործընթացների մեջ, որոնք սկսվեցին իսլամ արմատականների սանձազերծած, և Մերձավոր Արևելքի քրիստոնյաների ու հայ գաղութների համար ամենաիսկական ողբերգություն դարձած «արաբական գարունով», և իրենց շարունակությունը գտան սլավոնական աշխարհի երկրորդ պետության` Ուկրաինայի ամբողջականությանը սպառնացող քաոսով:

Մեզ պարտադրվում է մի խաղ, որի մտահղացումը, նպատակներն ու կանոնները գծվում են Հայաստանից դուրս: Ու փառք մեր ժողովրդին, որ այդ անմաքուր սցենարները Հայաստան բերող օտարերկրյա գործակալները, որպես խաղացողներ, գտան ընդամենը մի քանի ինքնակոչների, ովքեր այսօր ժողովրդին ներկայանում են որպես դաշտային հրամանատարներ ու փորձում ապակայունություն, խառնակություն և քաոս սերմանել Հայաստանում:

Մենք կամավորական ջոկատների հրամանատարներ ենք եղել, անցնելով ողջ պատերազմը, շատ բան ենք տեսել, բայց Շուշին գրոհելիս, Մարտակերտի ճեղքված ճակատում կռվելիս, Տավուշի ու Սյունիքի գյուղերը պաշտպանելիս կամ քայլ առ քայլ դեպի Արաքս առաջանալիս մենք այդ այսպես կոչված «դաշտային հրամանատարներին» չենք տեսել, որովհետև նրանք այնտեղ չե՛ն եղել:

Այսօր իրականացվում է մի կեղտոտ ու պարզունակ հաշվարկ. ժողովրդին իր մղած պատերազմից օտարացնելու և նվաճված հաղթանակների հաղորդած հպարտությունը, ուժն ու վստահությունը խլելու համար նպատակաուղղված կերպով օրնիբուն անհեթեթ զրպարտանքներ են ուղղվում մեր հաղթանակի ճարտարապետներից մեկի` Հայաստանի Հանրապետության Նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի և համաժողովրդական պայքարի խորհրդանիշներից մեկը դարձած Երկրապահ կամավորականների միության դեմ: Շահարկվում է մեր նորագույն պատմության ամենաողբերգական էջերից մեկի` մարտի 1-ի անմեղ զոհերի հիշատակը:

Հանրապետության Նախագահը չի իջնում իր հասցեին հնչող զրպարտանքների ու անձնական վիրավորանքների համար օրենքով սահմանված պատասխանատվություն պահանջելուց, ու փառք Աստծո, դրա կարիքն էլ չունի, քանի որ բոլորս էլ հիշում ենք, թե պատերազմի տարիներին ով ինչ էր անում: Իսկ կամավորականներն էլ զսպում են այդ ինքնակոչներին դեմ առ դեմ մի քանի պարզ ու շիտակ հարցեր տալու ցանկությունը, որպեսզի անօրինական քայլեր կատարողների ու ինքնադատաստան տեսնողի պիտակի չարժանանան, ինչը սրանց երազանքն է, բայց չի իրականանալու:

Պատերազմը դադարել, բայց դեռ չի ավարտվել, և մենք հաստատակամ ենք հակառակորդի դիմաց կանգնած մեր տասնութից քսան տարեկան երեխաների թիկունքում կայունություն պահպանելու ուղեգծի մեջ:

Լիահույս ենք, որ ժողովուրդը կհիշի Սպարապետ Վազգեն Սարգսյանի հայտնի խոսքերը, թե «Ես վախենում եմ բոլոր չվախեցողներից» ու կհետևի ոչ թե կենսագրություն չունեցող խամաճիկներին, այլ կգնա մոմեր վառելու 2008 թվականի մարտի 1-ի անմեղ զոհերի հիշատակին և իր հավաքական կամքով բացառելու համար նման օրերի կրկնությունը:

Այլևս չհանդուրժելով իրեն «Ազատամարտիկների ռազմադաշտային հրամանատարների խորհուրդ» հորջորջող և նրա խռպոտած խոսափող, երկու թե երեք շաբաթ Արցախում լինելուց հետո իրեն հրամանատար կարծող Սուրեն Սարգսյանի ու նրա նմանների կողմից ամիսներ շարունակվող այս խեղկատակությունը, Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններից վճռաբար պահանջում ենք վերջապես կատարել իրենց պարտականությունները և օրենքով սահմանված կարգով ամենախիստ միջոցներ ձեռնարկել մարդկանց հասցեին հնչող վիրավորանքների, զրպարտությունների և ամեն տեսակ սուտ լուրեր տարածելուն վերջ տալու համար:

1. Արցախյան ազատամարտի վետերան Վարդան Ավետիսյան
2. «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» ՀԿ նախագահ Յուրա Միքայելյան
3. «Զորավար Անդրանիկ» ջոկատի հրամանատար Գնել Մանուկյան

4. «Փառապանծ ազատամարտիկների միություն» ՀԿ նախագահ Գրիշա Սարգսյան
5. «Թալիշի պաշտպան» ՀԿ նախագահ Միքայել Ապրեսյան
6. «Արաբո» վետերանների սոցիալ-իրավական ՀԿ նախագահ Կարեն Ղազարյան
7. «Առաջին գունդ» ՀԿ նախագահ Վաչագան Չիբուխչյան
8. «Արամո» ջոկատի հրամանատար Արամո Թորգոմյան
9. «Տիգրան Մեծ» ջոկատի հրամանատար Կորյուն Ղումաշյան
10. «Ճայ» ջոկատի հրամանատար Մայիս Միրզոյան
11. «Արամ Մանուկյան» ջոկատի հրամանատար Ռոստոմ Ռոստոմյան
12. «Արցախյան պատերազմի մասնակից կանանց» ԲՀԿ նախագահ Աիդա Սերոբյան
13. Կոմանդոս» ՀԿ նախագահ Արա Մուրադյան
14. «Հատուկ ջոկատ» ՀԿ նախագահ Նիկոլայ Սիմոնյան
15. «Իրավապահների միություն» ՀԿ նախագահ Ջիվան Աբրահամյան
16. Թալինի ջոկատի հրամանատար Արագած Մկրտչյան
17. Քանաքեռավանի ջոկատի հրամանատար Վիտալի Դավթյան
18. Արթիկի ջոկատի հրամանատար Արթուր Հովհաննիսյան
19. Վայքի ջոկատի հրամանատար Սուրեն Մկրտչյան
20. «ՄՀՕՋ-ի վետերանների միություն» ՀԿ նախագահ Արամ Հակոբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս