
Ստեփան Հակոբյանի գործով պահանջում են ցմահ ազատազրկում ու արդարացման դատավճիռ

Վերաքննիչ քրեական դատարանում այսօր սկսվեց Մալաթիայի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդու՝ Սեդրակ Զատիկյանի սպանության պատվերի գործով պաշտպանական ու մեղադրանքի կողմերի բողոքների քննությունը:
Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»: Գործով միակ ամբաստանյալ Ստեփան Հակոբյանի պաշտպան Երեմ Սարգսյանը գտնում է, որ առաջին ատյանի դատարանը անհամաչափ խիստ պատիժ է նշանակել, իսկ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Վաղարշակ Գևորգյանը՝ հակառակը. նա գտնում է, որ անհամաչափ մեղմ պատիժ է նշանակվել: Ըստ տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի՝ նշանակված պատժաչափը՝ 15 տարվա ազատազրկումը, չի համապատասխանում հանցագործության հանրային վտանգավորության աստիճանին և հանցագործության ծանր հետևանքներին. տուժող կողմը զրկվել է ոչ միայն հարազատից, այլև՝ ընտանիքի միակ կերակրողից: Ըստ տուժող կողմի ներկայացուցչի՝ ամբաստանյալի նկատմամբ պետք է նշանակվեր հոդվածով նախատեսված առավելագույն խիստ պատիժ՝ ցմահ ազատազրկում:
Ամբաստանյալի պաշտպան Երեմ Սարգսյանը միջնորդում է իր պաշտպանյալին ճանաչել անպարտ և արդարացված կամ բեկանել նույն դատարանի՝ 06.03.2013թ.` ինքնաբացարկի միջնորդությունը մերժելու մասին որոշումը, բավարարել այն և գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության: Մերժելու դեպքում պաշտպանը միջնորդում է մասնակիորեն բեկանել և փոփոխել դատավճիռը և Ստեփան Հակոբյանի նկատմամբ նշանակել առավել մեղմ պատիժ:
Մանրամասներն` այստեղ