Թուրքիան փորձարկումներից հետո հրաժարվել է ընդունել իր առաջին A-400M ռազմափոխադրման ինքնաթիռը

Armstrade.org-ի փոխանցմամբ՝ Թուրքիան հրաժարվել է Airbus Group-ից ընդունել  A-400M առաջին ռազմափոխադրման ինքնաթիռը: Airbus Group-ի գլխավոր գործադիր տնօրեն Թոմաս Էնդերսը հայտարարել է, որ Թուրքիայի այդ պահվածքն անընդունելի է՝ ընդգծելով, որ իրենք թուրքական կողմին հատկացրել են նույնպիսի ինքնաթիռ, ինչպիսին, որ դրանից առաջ հատկացրել են Ֆրանսիայի ռազմաօդային ուժերին:

Թուրքիան իր ռազմաօդային ուժերի համար ավելի վաղ պատվիրել էր 10 հատ A-400M: Դրանցից առաջինի արտադրությունը Սևիլիայում մեկնարկել է 2012 թվականի հուլիսին, իսկ գործարանային թռիչքային փորձարկումները՝ 2013 թվականի օգոստոսի 9-ին:

2013 թվականի դեկտեմբերին առաջին A-400M-ը ընդունման նպատակով փորձարկումների համար ուղարկվել է Քայսերիի (Կեսարիա) ավիաբազա, սակայն փորձարկումների ժամանակ ի հայտ են եկել որոշակի խնդիրներ: Թոմաս Էնդերսի խոսքերով՝ ինքնաթիռն ընդունելու մասին փաստաթղթերի ստորագրման ընթացակարգը դեռ ավարտված չէ:

Թուրքական մամուլը գրել է, որ Թուրքիայի կողմից առաջին A-400M-ի ընդունման մասին ակտի ստորագրումը ձգձգելու հիմնական պատճառը երկրի ֆինանսա-տնտեսական բարդ իրավիճակն է: Պլանով նախատեսված է, որ Թուրքիան հաջորդ երեք A-400M ինքնաթիռները պետք է ստանա մինչև 2018 թվականը:

Տեսանյութեր

Լրահոս