
Ադրբեջանի պաշտպանության նախարարն ու Թուրքիայի դեսպանը քննարկել են ԼՂ-ի հարցը

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն ընդունել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Իսմայիլ Ալփեր Ջոշքունին: Այս մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ-ի մամուլի ծառայությունը:
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկու երկրների զինվա ուժերի զարգացման ուղղությամբ ձեռնարկված քայլերը, տարածաշրջանում առկա ռազմա-քաղաքական իրավիճակը, երկկողմ համագործակցության կարևորությունը: Բացի այդ, Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կարևորվել է տարածաշրրջանի համար:
Ապա կողմերը քննարկել են Թուրքիայի ու Ադրբեջանի զինված ուժերի միջև կապերի հեռանկարները: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Ադրբեջանում Թուրքիայի զինված ուժերի ռազմական կցորդ, բրիգադի գեներալ Հասան Նևզաթ Թաշդելերը:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա օգոստոսի առաջին օրերին Անկարայում անցկացված Բարձրագույն ռազմական խորհրդի (YAŞ) որոշմամբ՝ բրիգադի գեներալ Նևզաթ Թաշդելերը ազատվել էր Թեքիրդաղի նահանգի Չերքեզքյոյ շրջանում գտնվող 3-րդ զրահատանկային բրիգադի հրամանատարի պաշտոնից և նշանակվել էր Բաքվում Թուրքիայի ռազմական կցորդի պաշտոնում:
Նևզաթ Թաշդելերի ավագ (15 տարով) եղբայր, բանակի գեներալ Հուսեին Նուսրեթ Թաշդելերը, ով պաշտոնաթող արվեց YAŞ-ի նիստում, 2007 թվականի Ումրանիեի հարձակման դատական գործով («Էրգենեքոն») նախորդ տարի դատապարտվել է ցմահ ազատազրկման և ուղարկվել է Սիլիվրիի բանտ:
Բաքվում Թուրքիայի ռազմական կցորդի պաշտոնում Հասան Նևզաթ Թաշդելերի նշանակվելու հետ կապված՝ ադրբեջանական մամուլը գրել էր, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն իր թշնամուն ուղարկել է Ադրբեջան: