Ինչո՞ւ Հայաստանի իշխանությունը չի ճանաչում Ուկրաինայի նոր կառավարությունը

Այս շաբաթ մի քանի հայ փորձագետներ հրապարակային դաշտում հայտարարեցին, որ Հայաստանի ղեկավարությունը պետք է ճանաչի Ուկրանայի նոր իշխանության լեգիտիմությունը: Մասնավորապես, «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» ղեկավար Ստեփան Գրիգորյանը մամուլի ասուլիսում ասաց.

«Հայաստանի իշխանությունները պետք է ընդունեն ուկրաինական նոր իշխանությունների լեգիտիմությունը և ՀՀ ԱԺ-ից պատվիրակություն պիտի գնա Գերագույն ռադա»:

Նմանատիպ կարծիք հայտնեց նաև մեկ այլ քաղաքագետ, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը, ում խոսքերով` աշխարհում միակ կառավարության ղեկավարը, ով կասկածի տակ է դնում Ուկրաինայի նոր իշխանության լեգիտիմությունը, Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևն է:

«Բայց ես վստահ եմ, որ Հայաստանի իշխանությունը կհետևի դեպքերի տրամաբանությանը և կճանաչի Ուկրաինայի ներկայիս կառավարությունը»,- ասաց քաղաքագետը:

Կարդացեք նաև

Ինչո՞վ է պայմանավորված պաշտոնական Երևանի չեզոք դիրքորոշումը Ուկրաինայի իրադրության հարցում, ինչո՞ւ Հայաստանի իշխանությունը չի ճանաչում Կիևի կենտրոնական իշխանությունը, նոր կառավարությունը: Այսօրվա ասուլիսում պատասխանելով մեր այս հարցադրրումներին՝ Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը կարծիք հայտնեց, թե քաղաքագիտական իմաստով` Ուկրաինայում որևէ կենտրոնական իշխանություն չկա:

«Ո´չ պարոն Յացենյուկը, ո´չ պարոն Տուրչինովը, ո´չ պարոն Յանուկովիչը չեն հանդիսանում կենտրոնական իշխանություն: Աշխարհի բոլոր երկրները, այդ թվում` Հայաստանը, սպասում են և անում են ամեն տեսակի հայտարարություններ, որպեսզի անցնի այն շրջանը, որից հետո պարզ կդառնա` այդ երկրում ում հետ կարելի է գործ ունենալ: Կրկնում եմ` ես կենտրոնական իշխանություն չեմ համարում այն ամենն, ինչ այժմ կա»,- ի պատասխան` ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի Գերագույն ռադան կազմավորել է նոր կառավարություն, որի ղեկավար է դարձել Արսենի Յացենյուկը, իսկ մինչ այդ Ուկրաինայի խորհրդարանը երկրի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի լիազորությունները հանձնել էր Գերագույն ռադայի նախագահ Ալեքսանդր Տուրչինովին:

Սրան զուգահեռ` երեկ հայտնի դարձավ, որ Վիկտոր Յանուկովիչը, ով փախել էր երկրից, դիմել է Ռուսաստանի իշխանությանը` իր անձնական անվտանգությունն ապահովելու համար, և դեռևս շարունակում է իրեն համարել Ուկրաինայի լեգիտիմ նախագահ: Յանուկովիչն այսօր` փետրվարի 28-ին, Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում հանդես կգա մամուլի ասուլիսով:

Տեսանյութեր

Լրահոս