Գալուստ Սահակյան. Տեր-Պետրոսյանն էլ մեր առաջին նախագահն է, ոչ թե Արամի ձեռի թաշկինակը
ԱԺ-ում Մարտի 1-ի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ՀԱԿ նախաձեռնության խորհրդարանական քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հայտարարել էր, որ եթե ինչ-որ մարդիկ Մարտի 1-ին տեղի ունեցած հայտնի դեպքերում տեսնում են Լևոն Տեր-Պետրոսյանի մեղքը և ունեն այնքան փաստեր, որ կարող են նրան դատել, թող դատեն:
«Գնացեք՝ բացեք, ո՞վ ա խանգարում, գնացեք՝ Լևոն Տեր-Պետրոսյանին դատեք, ո՞վ ա խանգարում, մուրճն էլ ա ձեր ձեռքին, մեխն էլ։ Գնացեք՝ արեք, ի՞նչն ա խանգարում, ինչո՞ւ չեք անում»,- նշել էր նա:
Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ասաց, թե նման բան հայտարարելով Արամ Մանուկյանը «ինքնամեծարմամբ» է զբաղված: Հարցին՝ արդյոք պետք եղած դեպքում Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը կգնա՞ն հարցաքննության, կդրսևորե՞ն նման մոտեցում, ինչպիսին դրսևորում է Լ. Տեր-Պետրոսյանը, Գալուստ Սահակյանն այսպես արձագանքեց.
«Նախևառաջ, այդ միտինգները Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը չէին կազմակերպել, որ էդ բովանդակությամբ հարցաքննության կանչվեն: Երբ Արամ Մանուկյանը ասում է՝ տարեք Լևոն Տեր-Պետրոսյանին հարցաքննեք, ես իմ ու մեր ազգի կողմից շատ վիավորվում եմ. չի կարելի ցինիզմը այնտեղ հասցնել, որ իբր թե այնքան կամ, որ նույնիսկ ապահովում եմ Լևոն Տեր-Պետրոսյանին: Միշտ հիշեք՝ նախագահական ինստիտուտը ինստիտուտ է, Տեր-Պետրոսյանն էլ մեր առաջին նախագահն է, ոչ թե Արամի ձեռի թաշկինակը, որ բերի կամ տանի: Լևոն Տեր-Պետրոսյանը ինքը կորոշի նման իրավիճակում ինչպես իրեն պահի»: