Ջրծաղիկի գործով ամբաստանյալը «մղձավանջից շուտ դուրս գալու համար» միջնորդել էր համաներում կիրառել

Ջրծաղիկից մահացած զինծառայող Հայկ Խաչատրյանի գործով երկու ամբաստանյալները, ովքեր միջնորդել էին իրենց նկատմամբ համաներում կիրառել և կարճել քրեական գործը, այսօր դատարանում հրաժարվեցին իրենց միջնորդությունից:

Գործով ամբաստանյալներ Մինաս Մկրտչյանի և Միքայել Միքայելյանի փաստաբանները դատարանին խնդրեցին չքննել ավելի վաղ իրենց կողմից ներկայացված միջնորդությունը: Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալլի նախկին պետ Միքայել Միքայելյանն ու զորամասի նյարդաբանական բաժանմունքի նախկին պետը մեղադրվում են ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու մեջ, որն առաջացրել է էական վնաս (ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մաս):

Միքայել Միքայելյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանն ասաց, որ որպես փաստաբան կատարել է իր պաշտպանյալի ցանկությունը, իսկ որպես իրավաբան ինքը դեմ է գնացել իր սկզբունքներին:

Ըստ փաստաբանի՝ այս գործով իրենք կարող էին նաև արդարացման հասնել:

«Ըստ էության, դատաքննության ընթացքում հիմնավորվեց և ապացուցվեց, որ ընդհանրապես իմ պաշտպանյալի գործողություններում 376-րդ հոդվածի 1-ին մասով հանցակազմ առկա չէ: Այնուամենայնիվ, պաշտպանյալս նպատակահարմար գտավ, որպեսզի մեր կողմից ներկայացվի համաներում կիրառելու վերաբերյալ միջնորդությունը, զուտ այն պատճառով, ինչպես ինքը նշեց, այս մղձավանջից շուտ դուրս գալու համար, քանի որ մոտավորապես 1.5 տարի տևած դատաքննության ընթացքում այն մղձավանջը և անեծքների այն տարափը, որ մենք մեզ վրա կրեցինք, կարծում եմ, որ դրանից շուտ ելք գտնելու համար յուրաքանչյուրն էլ պատրաստ էին որոշակի քայլերի և փոխզիջումների գնալ:

Տվյալ պարագայում, հարգելի դատարան, մենք մեր դիրքորոշումը վերանայել ենք, բազմաթիվ զրույցներից և վերլուծություններից հետո հանգել ենք այն եզրահանգման, որ մենք չենք ցանկանում, որ կիրառվի Ազգային ժողովի կողմից ընդունված համաներումը, և այդ առումով խնդրում ենք, որ մեր միջնորդությունը այլևս քննարկման առարկա չդառնա:

Այդ առումով խնդրում ենք, որ վերսկսվի դատաքննությունը և շարունակվի: Մենք մեր պայքարը շարունակելու ենք մինչև կհասնենք արդարացման դատական ակտի»,- Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց փաստաբան Վարդուհի Էլբակյանը:

Մինաս Մկրտչյանի պաշտպան Լևոն Պողոսյանը հայտարարեց, որ ինքը և իր պաշտպանյալը ևս հրաժարվում են ներկայացված միջնորդությունից: Հաշվի առնելով փաստաբանների հայտարարությունները՝ դատարանը որոշեց համաներման հիմքով քրեական գործը կարճելու մասին միջնորդությունը քննության չառնել:

Տեսանյութեր

Լրահոս