«Ժառանգությունն» առաջարկելու է քառօրյա ռեժիմից անցնել եռօրյայի
ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունը պատրաստվում է հանդես գալ նոր օրենսդրական նախաձեռնությամբ՝ ԱԺ-ն քառօրյա ռեժիմից եռօրյայի անցնելու մասին: «Այդ ռեժիմն ավելի բովանդակային կդարձնի մեր աշխատանքը, երկու շաբաթ ընդմիջումը կկրճատվի մեկ շաբաթով ու կավելանա նիստերի, հացուպատասխանների, հայտարարությունների քանակը: Գերագույն խորհրդից սկսած բավական երկար ժամանակ՝ մինչև 2004 թվականը այս ռեժիմով ենք աշխատել»,-ԱԺ ճեպազրույցների ժամին այս մասին հայտարարեց Ռուբեն Հակոբյանը: Խոսելով Մարտի 1-ի մասին՝ խմբակցության ղեկավարը ասաց, որ իշխանությունը շահագրգռված չէ Մարտի 1-ի բացահայտմամբ: Ըստ նրա՝ Մարտի 1-ն ունի կազմակերպիչներ, հրահրողներ, և այն, ընդհանրապես, արդյունք էր նախագահական ընտրությունների, որոնց համար մեղավոր է իշխանությունը: «Չեմ ասում միակը, բայց հիմնականը մեղավորը իշխանությունն է»,- նկատեց նա: Հակոբյանի խոսքով՝ իշխանությունները վեց տարի չունեցան քաղաքական կամք, որ հարցը քաղաքական հարթությունից տեղափոխեն իրավական հարթություն: