ԼՂ-ի վերջնական կարգավիճակը շարունակում է մնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջազգային միջնորդության առարկա. ԱՄՆ պետդեպարտամենտ
ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետդեպարտամենտը հրապարակել է 2013 թվականին աշխարհի տարբեր երկրներում մարդու իրավունքների ու ժողովրդավարության մասին իր ավանդական տարեկան զեկույցը:
Լեռնային Ղարաբաղի հետ կապված՝ զեկույցում (զեկույցի՝ Հայաստանին ու Ադրբեջանին առնչվող հատվածում) գործածվել է «անջատողական» բառը. «Անջատողականները Հայաստանի աջակցությամբ նախկինի նման վերահսկում են Լեռնային Ղարաբաղի մեծ մասը և հարակից 7 ադրբեջանական տարածքները:
Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը շարունակում է մնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի (ուր համանախագահում են ԱՄՆ-ը, Ֆրանսիան ու Ռուսաստանը) միջազգային միջնորդության առարկա:
Տարվա ընթացքում զորքերի շփման գծում շարունակվել են փոխհրաձգությունները կողմերի միջև, ինչը հանգեցրել է բազմաթիվ զոհերի գրանցման երկու կողմից էլ: Շփման գծի մոտ զոհված քաղաքացիական բնակչության մասին տվյալները բացակայում են»:
Պետդեպարտամենտն ընդգծել է, որ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ Հայաստանի իշխանությունները սահմանային գոտուց տարհանել են մոտ 65.000 տնային տնտեսություն, սակայն ավելի ուշ ներքին տեղահանվածների մեծ մասը վերադարձել են իրենց տները կամ վերաբնակեցվել են այլ վայրում: