
Պարենային անվտանգության բարելավման նոր ծրագիր կմեկնարկի

Հայաստանում կիրականացվի «Հարավային Կովկասում տարածաշրջանային պարենային անվտանգության բարելավում ազգային ռազմավարության և փոքրածավալ արտադրության միջոցով» տարածաշրջանային քառամյա ծրագիր, որի մեկնարկը կտրվի վաղը:
Հայաստանում ծրագիրը ֆինանսավորվում է Եվրամիության կողմից, իրականացնում է ՕՔՍՖԱՄ-ը` ՀՀ Գյուղատնտեսության նախարարության հետ համագործակցությամբ: Ծրագրի բյուջեն 596,460 եվրո է:
ՕՔՍՖԱՄ-ից 168.am-ին հայտնեցին, որ ծրագիրը կնպաստի Հայաստանում պարենային անվտանգության և սնուցման բարելավմանը, որը հնարավորություն կտա կանխելու պարենային հնարավոր ճգնաժամային իրավիճակները, ինչպես նաև կխթանի սննդի տեղական արտադրությունը:
Նշենք, որ Պարենային անվտանգության ռազմավարությամբ նախատեսվում է մինչև 2020թ. ինքնաբավության մակարդակը բարձրացնել և պարենային ցորենի ինքնաբավության մակարդակը հասցնել 64.2 % (ներկայումս 35-40%), կարտոֆիլը՝ 111.4 % (ներկայումս 105%), բանջարաբոստանային մշակաբույսերը՝ 120.1% (100.8 %), պտուղ և հատապտուղը՝ 121.4 % (93.3 %), կաթը՝ 100.5 % (98 %), և այլն: