
Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինայի վերաբերյալ

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինայի վերաբերյալ, որում իր աջակցությունն է հայտնել նրա տարածքային ամբողջականությանը: Նշվում է, որ Ստրասբուրգում տեղի ունեցած Եվրախորհրդարանի նիստի արդյունքներով ընդունված այդ բանաձևը մշակել են պատգամավորների բոլոր քաղաքական խմբերը:
Դրանում ընդգծվում է, որ Ռուսաստանը ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի հետ մեկտեղ հանդիսանում են Ուկրաինայի ներկայիս սահմանների երաշխավոր՝ համաձայն 1994 թվականին ընդունված բուդապեշտյան հուշագրի: Բանաձևում հիշեցվում է, որ Ռուսաստանն այդ երկրների հետ միասին պարտավորվել է զերծ մնալ Ուկրաինայի հանդեպ տնտեսական ճնշում գործադրելուց՝ կապված սեփական շահերն առաջ տանելու հետ:
Ռուսաստանին կոչ է արվել նաև կառուցողական դիրքորոշում ցուցաբերել, որպեսզի Ուկրաինայում ստեղծվեն այնպիսի պայմաններ, որոնք շահավետ կդարձնեն ԵՄ-ի ու Ռուսաստանի հետ Ուկրաինայի երկկողմ հարաբերությունները: Եվրախորհրդարանը ԵՄ-ի երկրներին կոչ է արել բանակցություններ վարել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի և «Արևելյան գործընկերության» մյուս երկրների եվրոպական ձգտումներին աջակցելու համար: