
Վերջին 3 տարում Ուկրաինայի ֆինանսական համակարգից օֆշորային հաշիվներ է ուղղվել 70 միլիարդ դոլար. Յացենյուկ

Интерфакс-Украина-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի Գերագույն Ռադայի կողմից երկրի վարչապետ ընտրված Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ վերջին 3 տարում Ուկրաինայի ֆինանսական համակարգից օֆշորային հաշիվներ է դուրս բերվել մոտ 70 միլիարդ դոլար:
Յացենյուկի խոսքերով՝ վերջին երեք տարում Ուկրաինայի ոսկու պաշարները 37 միլիարդ դոլարից նվազել են մինչև 15 միլիարդ դոլարի. «Ուկրաինայի պետական գանձարանը թալանված է և դատարկ: Ուկրաինայի պետպարտքը հասել է 75 միլիարդ դոլարի, թեև 2010 թվականին այն կրկնակի պակաս էր: Ստացվել են 37 միլիարդ դոլարի վարկեր, որոնք անհետացել են անհայտ ուղղությամբ»:
Յացենյուկը նաև մեկնաբանել է նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի այսօրվա հայտարարությունը, որում նա ընդգծել էր, որ իրեն դեռ համարում է երկրի գործող նախագահ. «Այսուհետ նա ոչ թե նախագահ է, այլ հետախուզվող անձ, որին կասկածում են զանգվածային սպանությունների, մարդկության դեմ հանցանքներ գործելու մեջ»: