Լևոն Զուրաբյան. Մեզ համար ամենակարևորն այն է, որ արդարադատությունն առաջ գնա

Աժ-ում Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝  անդրադառնալով ՀՀԿ-ական պատգամավորների քննադատություններին, ասաց, թե տրվեցին ապշեցուցիչ փաստարկներ՝ ցույց տալով, որ իրենք այդպես էլ չեն հասկացել, թե ի՞նչ է կատարվել Մարտի մեկին:

«Իսկ 2008 թվայանի Մարտի 1-ին կատարվել է հետևյալը՝ Հայաստաի իշխանությունները առաջին անգամ նորանկախ պատմության մեջ կրակեցին սեփական ժողովրդի վրա: Այս իրադարձությունները խորը և ողբերգական վերք թողեցին մեր ժողովրդի հոգում: Արդեն վեցերորդ տարին է մարտի 1-ին հայ ժողովուրդը հավաքվում է նշելու ողբերգության օրը»,- նշեց նա:

Ժամանակակից աշխարհում ցանկացած իշխանություն, Լևոն Զուրաբյանի խոսքով, կորցնում է լեգիտիմությունն այն պահից, երբ կրակում է ժողովրդի վրա: «Սեփական ժողովրդի վրա կրակելու իշխանության որոշումը յուրահատուկ ինքնախոստավանություն է, որ իշխանությունն այլևս չունի ոչ հոգևոր, ոչ բարոյական ռեսուրս, ոչ էլ հեղինակություն հասարակության հետ հակամարտությունը քաղաքական միջոցներով կարգավորելու համար»,- նշեց ՀԱԿ խմբակցության ղեկավարը:

Նա շեշտեց, որ Ուկրաինայի նախագահ Վ. Յանուկովիչը լեգիտիմ նախագահ էր, լեգիտիմորեն ընտրված էր նաև խորհրդարանում իրեն աջակցող Ռեգիոնների կուսակցությունը: Սակայն, ըստ Զուրաբյանի՝ Յանուկովիչը կորցրեց իր լեգտիմությունն անմիջապես նրանից հետո, երբ ռեժիմը սկսեց կրակել ցուցարարների վրա: «Սակայն մեր իշխանությունները Մարտի 1-ով չէ, որ կորցրին իրենց լեգիտիմությունը: Հայրենի ռեժիմը շատ ավելի վատն է, շատ ավելի ոչ լեգիտիմ, քան Յանուկովիչի իշխանությունը: Հայաստանի իշխանությունները կորցրել էին իրենց լեգտիմությունն ընտրությունների կեղծմամբ, գարշելի ոճրագործությունների հետևանքով, ինչպիսին էր Հոկտեմբերի 27-ի սպանդը խորհրդարանում և հանցագործության պառակտումը կազմակերպիչների մասով»,- նշեց նա:

Լ. Զուրաբյանի խոսքով՝ Մարտի 1-ն այնպիսի խարան է պետության վրա, այնպիսի վերք՝ ժողովրդի հոգում, որն ապաքինելու միայն մեկ ձև կա՝ հայտնաբերել և պատժել բոլոր հանցագործներին այնպես, ինչպես պահանջում է արդարադատությունը. «Անմեղ մարդկանց կյանք խլելը ոչ մի արդարացում չունի: Իշխանության կողմից մահաբեր զենքի կիրառումը ցուցարարների դեմ հանցագործություն է, որը ոչ մի արդարացում չունի, չի կարող արդարացվել պետական շահի, անվտանգության, կայունության մասին ճամարտակություններով»:

Լևոն Զուրաբյանը տեղեկացրեց, որ ինքը ԵԽ ԽՎ-ում նախաձեռնելու է մի գործընթաց, որի հետևանքով ԵԽ ԽՎ-ն կուսումնասիրի մահաբեր զենքի գործածումը իշխանության կողմից ցուցարարների դեմ՝ որպես մեծագույն չարիք: Նա ցանկացավ նաև պարզություն մտցնել ոճրագործոթյան պատասխանատվության մասին իրենց դիրքորոշման հարցում:

Լ. Զուրաբյանն ասաց, թե իրենք խորապես հարգում են անմեղության կանխավարկածը և խնդրի հանգուցալուծումը տեսնում են նրա մեջ, որ դատական պատասխանատվության կանչվեն բոլոր նրանք, ովքեր իրագործել են, հրահանգել են, կազմակերպել են այդ սպանությունները, արձակել ապօրինի հրամաններ, որոնց մեղքի բաժինը կորոշի դատարանը:

«Մեզ համար ամենակարևորն այն է, որ արդարադատությունն առաջ գնա: Այս պահին մենք կարող ենք մեղավոր համարել միայն նրանց, ովքեր խոչընդոտում են արդարադատությանը: Ընդ որում, պատասխանատվությունը կարող է լինել և իրավական, և քաղաքական: Մարտի մեկի առաջարկված հանձնաժողովն առաջին հերթին արդարադատության խոչընդոտման վերացման հանձնաժողով է, իսկ այսօր այս դահլիճում լուծվելու է, թե ո՞վ է քաղաքականապես պատասխանատու արդարադատության խոչընդոտման համար: Եվ այս հարցում պատկերը բավականին պարզ է. չորս խմբակցություն դրել են Մարտի մեկի սպանությունների բացահայտման, արդարադատության խոչընդոտման բացահայտման հարց, իսկ իշխող կոալիցիայի երկու կուսակցություն փորձում են ամեն գնով տապալել հանձնաժողովի ստեղծումը, դառնում են արդարադատության խոչընդոտման գլխավոր դերակատարները»,- ընդգծեց նա:

Խոսելով նախորդ գումարման ԱԺ-ում Սամվել Նիկոյանի գլխավորած Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի մասին Լ. Զուրաբյանն ասաց, թե այն ոչ մի լավ գործ չի կատարել, միշտ եղել է պառտակման հանձնաժողով:

Նա նշեց, թե ՀԱԿ-ը հաձնաժողովի աշխատանքներին չի մասնակցել, որովհետև իրենք կլինեին միակ ներկայացուցիչները, ովքեր կհայտնվեին փոքրամասնության մեջ, կլեգիտիմացնեին պառակտման գործըթնացը: Նա հիշեցրեց նաև, որ ԵԽ ԽՎ-ն Ս. Նիկոյանի գլխավորած հանձնաժողովի մասին տվել է հստակ գնահատական՝ այն որակելով աշխատանք, որը հավատ չի ներշնչում:

«Հասկացեք վերջապես, որ Մարտի 1-ը մի ոճրագործություն չէ, որը կարելի է մարսել կամ որի էջը կարելի է փակված համարել, քանի դեռ կատարված չէ այս գործը: Հոկտեմբերի 27-ի սպանությունից հետո երկիրը մոտ երկու տարի դուրս չէր գալիս ճգնաժամից: Մարտի 1-ի սպանդից անցել է 6 տարի, և երկիրը շարունակում է ավելի ու ավելի խրվել ճգնաժամի մեջ: Ուստի Մարտի 1-ի խնդրի հանգուցալուծումը ոչ միայն զոհերի հիշատակի հարգանքի ու նրանց ծնողներին պատասխան տալու, այլ նաև արդարադատության, Հայաստանի զարգացման և նրա բոլոր քաղաքացիների արժանապատվության վերականգնման խնդիր է: Ես, պատահում է, սխալվում եմ և երբեմն ասում եմ, որ Մարտի 1-ի սպանությունների բացահայտումը ՀԱԿ-ի պահանջատիրության խնդիր է: Ո՛չ: Այդ հարցում պահանջատեր է Հայաստանի յուրաքանչյուր գիտակից քաղաքացի: Այստեղ տեսակետ հնչեց, որ քանի դեռ 2008թ. բարիկադի տարբեր կողմերում գտնվող քաղաքական ուժերը այսօր էլ ակտիվ դերակատար են քաղաքականության մեջ, ապա ճշմարտության բացահայտումը դժվար է՝ այդ ուժերի միջև ընթացող քաղաքական պայքարի պատճառով: Մենք էլ գիտենք, որ գալու է այն օրը, երբ մեր ժողովուրդը և պատմությունը կարդալու է 2008թ. այս ոճրագործությունը կատարած իշխանության դատավճիռը:

Բայց այսօր մենք ձեզ շանս ենք առաջարկում՝ լինելով դեռ իշխանության մեջ, քայլ կատարելու ինքնամաքրվելու նպատակով: Երբ դուք արդեն դերակատարություն չեք ունենա, ձեր բարոյական ընտրությունն այլևս որևէ արժեք չի ունենա: Մենք այդ շանսը տալիս ենք նրանց, ովքեր չկատարելով արյունահեղություն, չեն ցանկանում այդ արյունահեղության քաղաքական պատասխանատվությունը վերցնել իրենց վրա:

Այդուհանդերձ, մենք ձեզանից ոչինչ չենք պահանջում և ակնկալում: Մենք ոչ միամիտ ենք, ոչ էլ անուղղելի լավատես: Դուք այն իշխանությունը չեք, որ ձեր մեջ բարոյական ուժ և արիություն գտնեք նման քայլ կատարելու համար: Դուք այսօր այդ քայլը չեք կատարի: Բայց հետագայում, վստահ եմ, կզղջաք բաց թողնված շանսի համար»,- եզրափակեց նա:

Տեսանյութեր

Լրահոս