Սպիտակ տունը կոչ է արել հարգել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սպիտակ տունը տարածաշրջանի արտաքին խաղացողներին կոչ է արել հարգել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, դադարեցնել սադրիչ հայտարարություններն ու գործողությունները, աջակցել ժողովրդավարական ճանապարհով իշխանության եկած անցումային ղեկավար կառույցներին և օգտագործել սեփական ազդեցությունը՝ միասնության ու խաղաղության աջակցման համար:
Սպիտակ տան տարածած հայտարարությունը հրապարակվել է Ուկրաինայում ԱՄՆ-ի դեսպանատան կայքում: Դրանում նշված է, որ ԱՄՆ-ը վճռականորեն աջակցում է ուկրաինացի առաջնորդների ընթացիկ աշխատանքին, որն ուղղված է բազմակուսակցական կառավարության ձևավորմանը:
ԱՄՆ-ն Ուկրաինայի առաջնորդներին կոչ է արել անել ամեն հնարավոր բան՝ ապահովելու համար բոլոր քաղաքացիների, այդ թվում նաև փոքրամասնությունների անվտանգությունն ու իրավունքների պաշտպանությունը և խուսափել այնպիսի քայլերից, որոնք կարող են մասնատել երկիրը:
Հիշեցնենք, որ Ղրիմում որոշվել է հանրաքվե անցկացնել ինքնավարության կարգավիճակի շուրջ: