ՀԱԿ-ը շնորհակալ է ռեժիմի հետ համագործակցությունից հետ կանգնած ուժերից

Մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման նախաձեռնության քննարկման ժամանակ ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը մեղադրեց խորհրդարանական բոլոր խմբակցություններին՝ բացի Ժառանգությունից ու ՀԱԿ-ից, Մարտի 1-ի սպանությունները չբացահայտելու, դրանք կոծկելու մեջ: ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն այսօր, անդրադառնալով այս հայտարարությանը, վստահեցրեց. «Պարոն Արզումանյան, ձեր նշած երկու խմբակցությունները երկու տարի առաջ իշխանության մեջ էին, և եթե այսօր նրանք իշխանության մեջ չեն, ես դա համարում եմ լուրջ առաջընթաց, փոփոխություն, մարդիկ հետ են կանգնել ռեժիմի հետ համագործակցելուց, նաև ընդառաջ են եկել մեր համաձայնություններին: Դա շատ լուրջ քայլ է, կրկնում եմ ՝ շնորհակալ ենք նրանց դրա համար, և ավելին ասեմ՝ գալու է ժամանակ, որ ՀՀԿ կուսակցությունը միանալու է մեր համաձայնություններին՝ ելնելով իրավիճակից, կոնյունկտուրայից, բացահայտումներից։ Կտեսնեք, որ դա լինելու է այդպես, վերջին հաշվով, եթե մենք այսօր 46 ստորագրություն հավաքել ենք և բացականեր էլ լիքը ունենք, ապա 46-ից 66 դարձնելը շատ կարճ է տևելու, կտեսնեք»: Նա շեշտեց, թե իրենք չարությամբ չեն վերաբերվելու այն մարդկանց, ովքեր դուրս կգան գործող իշխանությունների դեմ: Մանուկյանը չթաքցրեց՝ իրենք քայլ-քայլ, կաթիլ-կաթիլ ուզում են իշխանությունը թուլացնել, ապա շեշտեց, թե Մարտի 1-ի տաս զոհերի մարդասպանները, պատվիրատուները կպատժվեն այն ժամանակ, երբ կլինի իշխանության փոփոխություն: «Այսօր ի՞նչն է խանգարում ՀՀԿ-ին քաղխորհուրդ անել, գնալ, դատախազին կանչել և բոլոր մասնագետներին, ասել՝ գնում ենք համարձակ քայլի, մարտի մեկի հանցագործությունների համար պատժել, այդ ժամանակ մենք ոչ ասելիք կունենանք, ոչ էլ կգանք այստեղ հանձնաժողով կպահանջենք։ Հանձնաժողով պահանջելը անելանելիությունից է, անզորությունից, հարցերի հետագա ապագան չտեսնելուց է։ Գնացեք, լուծեք, հոկտեմբերի 27 եք ասում, գնացեք, բացեք, ո՞վ է խանգարում։ Գնացեք Լևոն Տեր-Պետրոսյանին դատեք, ո՞վ է խանգարում, մուրճն էլ է ձեր ձեռքին, մեխն էլ, գնացեք, արեք, ի՞նչն է խանգարում, ինչո՞ւ չեք անում, այստեղ հստակ ասվեց, չէ՞, չորս հանցագործությունների մասին Ջհանգիրյանը գոնե ասաց, չէ՞։ Դե գնացեք, բացահայտեք, և ծնողները կգան ձեր կողքը կկանգնեն, և շնորհակալություն կհայտնեն, հասարակությունը կասի արդարադատ իշխանություն ունենք։ Գիտեք մենք ուզում ենք հա՞ գանք, էսպես վարվենք, ձեզ մեղադրենք, դուք պաշտպանվեք… Չենք ուզում, գնացեք, արեք, այ որ չեք անում, էդ ժամանակ մեր լեզուն երկարում է»,- ընդգծեց Մանուկյանը։

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահայանն էլ տեղի արձագաքեց, թե իրենք նպատակ չունեն պատժելու ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին: «Պարոն Մանուկյան, մենք մեր երկրի առաջին նախագահին շատ ենք հարգում և նման ցանկություն չունենք, և ձեր ցանկությամբ չենք կարող այդպիսի դատ անել երկրի առաջին նախագահին, և ընդհանրապես, ՀՀԿ ֆրակցիան երբեք իրեն դատախազի ֆունկցիաներ չի վերապահում… Դուք բոլորին ուզում եք դատեք, դա դատախազներին, դատավորներին թողեք»,- նշեց Աբրահամյանը:

Տեսանյութեր

Լրահոս