Բաժիններ՝

Ուկրաինան ու ՌԴ-ը «սառեցրել» են 2013թ. դեկտեմբերի 17-ի պայմանավորվածությունների փաթեթի իրագործումը

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինան ու Ռուսաստանը «սառեցրել» են նախորդ տարվա դեկտեմբերի 17-ին ռուս-ուկրաինական միջպետական հանձնաժողովի նիստի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների փաթեթի իրագործման ընթացքը:

Այս մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում Ուկրաինայի կառավարության ներկայացուցիչ Վիկտոր Սուսլովը: Նա հիշեցրել է, որ Ուկրաինան արդեն իսկ հասցրել է ստանալ ռուսական գազի գնի զեղչ (հազար խորանարդ մետր գազի գինը 400-406 դոլարից նվազել է մինչև 268.5 դոլարի) և վարկի առաջին խմբաքանակը (15 միլիարդ դոլարից 3 միլիարդ դոլարը), սակայն այդպես էլ ձեռնամուխ չի եղել Ռուսաստանի հանդեպ իր պարտավորությունների կատարմանը.

«Նիստի արդյունքներով ստորագրված արձանագրությունը դուրս չի եկել Ուկրաինայի նախագահի աշխատակազմի պատերից այն կողմ, և դրա վերաբերյալ որևէ ցուցում չի տրվել գործադիր իշխանության մարմիններին»: Սուսլովը կարծում է, որ իրավահաջորդության ապահովման համար անհրաժեշտ է, որ Ռուսաստանը ճանաչի Ուկրաինայի ներկայիս իշխանություններին:

Նա համոզվածության է հայտնել, որ պայմանավորվածությունների փաթեթում կան այնպիսի կետեր, որոնք այսօր ամենայն հավանականությամբ ընդունելի չեն լինի Ուկրաինայի նոր իշխանությունների համար.

«Խոսքը գնում է Մաքսային միության տեխնիկական կանոնակարգին անցում կատարելու մասին: Դա հակասում է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրելուն և, հազիվ թե, հավանության արժանանա ներկայիս իշխանության կողմից:

Մյուս կողմից էլ պարտավորությունների փաթեթի մի շարք կետեր էլ չեն իրագործվի Ռուսաստանի կողմից: Պայմանավորվածությունների հետագա իրագործումը կախված կլինի երկկողմ բանակցություններից, և հենց դրա համար էլ կարևոր է Ուկրաինայի կառավարության շուտափույթ ձևավորումը»:

Հիշեցնենք, որ 2 օր առաջ Ռուսաստանի ֆինանսների փոխնախարար Սերգեյ Ստորչակը հայտարարել էր, որ Ռուսաստանն Ուկրաինայի հանդեպ չունի իրավական պարտավորություններ՝ խոստացած 15 միլիարդ դոլար ֆինանսական օգնությունից մնացյալ 12 միլիարդ դոլարը հատկացնելու համար:

Ստորչակի խոսքերով՝ Ռուսաստանն արդեն իսկ ոչ մեծ ռիսկեր է տեսնում, որ Ուկրաինային արդեն իսկ հատկացված 3 միլիարդ դոլարը չի վերադարձվի . «Ոչ ոք չէր ակնկալում, որ իրավիճակը կընթանա նման դրամատիկ սցենարով»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս