ՌԴ-ի կառավարությունը երկրում փնտրում է Ղրիմում 5 միլիարդ դոլար ներդնելուն պատրաստ գործարարների
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի էկոնոմոկիայի նախարարությունը ռուս գործարարներին առաջարկել է դիտարկել Ղրիմում հեռանկարային նախագծերին մասնակցելու հնարավորությունը:
Մոսկվան օպերատիվորեն արձագանքել է Ղրիմում բարձրացված ռուսամետ ալիքին. Ռուսաստանի կառավարությունը հապճեպ վերանայել է Ղրիմում ներդրումային հնարավոր նախագծերի ցանկը: Այդ ցանկը կազմվել էր դեռևս մինչև Ուկրաինայում իրականացվածիշխանափոխությունը:
Այժմ Ռուսաստանի Առևտրա-արդյունաբերական պալատը պետք է երկրում գտնի այնպիսի ներդրողների, որոնք պատրաստ են Ղրիմում ներդնել ավելի քան 5 միլիարդ դոլար: Սակայն ձեռնարկատերերը պատրաստ չեն դիտարկել ներդրումներ անելու հնարավորությունը, մինչև որ իրավիճակը չկարգավորվի Ուկրաինայում:
Առավել թանկարժեք են ենթակառուցվածքներին առնչվող նախագծերը: Մասնավորապես, Խերսոն-Ջանկոյ-Թեոդոսիա-Կերչ ավտոմայրուղու վերանորոգման նախագիծը գնահատվում է 1.4 միլիարդ դոլար, իսկ Եվպատորիայի, Թեոդոսիայի, Կերչի ու Յալթայի ծովային նավահանգիստներին առնչվող նախագծերի ընդհանուր արժեքը կազմում է գրեթե 1.8 միլիարդ դոլար:
Թանկարժեք են համարվում նաև Կերչի ու Սևաստոպոլի օդանավակայաններին առնչվող նախագծերը: Իսկ Կերչի նեղուցի վրայով տրանսպորտային անցման կառուցման նախագիծը գնահատվում է 1.2 միլիարդ դոլար: