Մադուրոն 50 ցուցարարի զոհվելու պատասխանատվությունը դրել է ընդդիմության վրա
BBC News-ի փոխանցմամբ՝ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ մի քանի շաբաթ երկրում շարունակվող հակակառավարական բողոքի ակցիաների ժամանակ արդեն իսկ զոհվել է ավելի քան 50 մարդ: Այս տվյալները մի քանի անգամ գերազանցում են սրանից առաջ ներկայացված պաշտոնական տվյալները:
Դատախազությունը մինչ այս հայտնել էր 15 զոհի ու մոտ 100 վիրավորի մասին: Մադուրոն չի պարզաբանել, թե որտեղից է վերցրել զոհվածների մասին այդ տվյալները: Չի բացառվում, որ նախագահն այդ տվյալներում ներառել է նաև բոլոր այն մարդկանց, որոնց մահը միայն անուղղակիորեն է կապված բողոքի ակցիաների հետ:
Մադուրոյի խոսքերով՝ զոհերից մեկը մի տարեց կին է, ով սրտի կաթվածից մահացել է իր ազգականների մեքենայում: Նրան չեն կարողացել տեղափոխել հիվանդանոց, քանի որ ընդդիմությունը փակել է ճանապարհը: Մադուրոն մյուս զոհերի պատասխանատվությունը նույնպես դրել է ընդդիմության վրա:
Վենեսուելայում բողոքի զանգվածային ակցիաները չեն դադարում փետրվարի սկզբից: Ցուցարարների քանակը գնալով կտրականապես աճում է, ինչը մասնավորապես առնչվում է մայրաքաղաք Կարակասին:
Ցուցարարները պահանջում են ազատ արձակել բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալվածներին, ինչպես նաև բողոքում են երկրի տնտեսական ճգնաժամի, առաջին անհրաժեշտության ապրանքների պակասի ու աճող գների դեմ: