Մենք Ղրիմում բոլոր կողմերից ակնկալում ենք խելամտություն ու չափավորություն. Թուրքիայի ԱԳՆ
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ, որում ընդգծել է, որ հանդես է գալիս ժողովրդավարական սկզբունքների ու կոնսենսուսի հիման վրա ճգնաժամի կարգավորման օգտին.
«Մենք հուսով ենք, որ մեր հարևան ու ռազմավարական գործընկեր Ուկրաինայի քաղաքական ճգնաժամը հնարավորինս շուտ կարգավորվի ժողովրդավարական սկզբունքների ու բոլոր կողմերի մասնակցությամբ կոնսենսուսի հիման վրա: Ներկայումս ակնհայտ է սահմանադրական համակարգի, տարածքային ամբողջականության ու ժողովրդական միասնության շրջանակներում հարցի լուծման փնտրտուքի կարևորությունը»:
Թուրքիայի ԱԳՆ-ը մեկնաբանել է նաև Ղրիմում ստեղծված իրավիճակը. «Մենք Ղրիմի ինքնավար հանրապետությունում, որում բնակվում են ազգակցական ղրիմյան թաթարները, բոլոր կողմերից ակնկալում ենք խելամտություն ու չափավորություն: Թուրքիան շարունակում է աջակցել ժողովրդավարական յուրաքանչյուր որոշման, որը հենված է Ուկրաինայի ժողովրդի օրինական պահանջների վրա»: