Ասադի վարչակարգը պատանդ է վերցրել ընդդիմության բանագնացների հարազատներին. Պետդեպարտամենտ
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը Սիրիայի իշխանություններից պահանջում է անհապաղ ազատ արձակել Սիրիայի ընդդիմադիր ու հեղափոխական ուժերի Ազգային դաշինքի բանագնացների հարազատներին: Այս մասին երեկ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Պսակին.
«ԱՄՆ-ը վրդովված է այն հաղորդումներից, որ Ասադի վարչակարգը կալանավորել է «Ժնև 2»-ում Ազգային դաշինքի պատվիրակության ընտանիքների անդամներին, որ պատվիրակներին ընդգրկել է ահաբեկիչների ցանկը և բռնագանձել է նրանց ակտիվները: Նման գործողությունները խախտում են ՄԱԿ ԱԽ-ի թիվ 2139 բանաձևը, որն առնչվում է ներսիրիական բանակցություններին:
Մենք վարչակարգին կոչ ենք անում անհապաղ ու առանց որևէ նախապայմանի ազատել բոլորին, որոնց անարդարացիորեն կալանավորել են: Չափավոր ընդդիմությունն աշխատում է հակամարտության քաղաքական լուծման ուղղությամբ, մինչդեռ Սիրիայի իշխանությունները փորձում են ճնշել ընդդիմադիր գործունեությունը»:
Պսակին Սիրիայի իշխանություններին մեղադրել է նաև պարբերաբար ռմբակոծությունների միջոցով հազարավոր խաղաղ բնակիչների զանգվածային սպանության, ինչպես նաև տասնյակ հազարավոր մարդկանց կտտանքների ենթարկելու մեջ: