Թուրքական նավատորմը 150-ամյա ընդմիջումից հետո վերստին կանցնի Բարեհուսո հրվանդանի մոտով

Թուրքական Yeni Şafak թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի զինված ուժերը որոշել են համընթաց քայլեր ձեռնարկել երկրի վարած ակտիվ արտաքին քաղաքականությունը, որը սկսել է աննախադեպ ակտիվություն ցուցաբերել Աֆրիկայում: Այդ նպատակով Թուրքիայի ռազմածովային ուժերում ձևավորվել է «Բարբարոս» նավախումբը, որը գլխավորել է դերծովակալ Ալի Մուրաթ Դեդեն:

Նավախմբի կազմում ընդգրկվել են «Գեդիզ» և «Օրուչռեիս» ֆրեգատները, «Հեյբելիադա» կորվետը և «Քուդրեթ Գյունգյոր» լոգիստիկ աջակցության նավը: Նավախումբն իր աֆրիկյան շրջագայության շրջանակներում այցելելու է աֆրիկյան 29 երկրի նավահանգիստներ:

Նավախմբի ուղևորությունը մեկնարկելու է Աֆրիկայի արևմուտքից, ապա նա շարժվելու է դեպի հարավ և, անցնելով Բարեհուսո հրվանդանը (ՀԱՀ), շարժվելու է դեպի Հնդկական օվկիանոս:

Թուրքիայի զինված ուժերը հայտարարել են, որ դրանով իսկ իրենք ժամանակավորապես ներկայացված կլինեն բազմաթիվ ծովերում, ինչը համահունչ կլինի երկրի վարած արտաքին քաղաքականությանը:

Ընդգծվում է, որ Բարեհուսո հրվանդանն անցնելը թուրքական նավատորմի համար կհանդիսանա աննախադեպ իրադարձություն վերջին գրեթե 150 տարվա համար: Վերջին անգամ թուրքական (օսմանյան) նավատորմն այդ հրվանդանի մոտով (Քեյփթաուն) անցել է 1866 թվականին:

Հիշեցնենք, որ Բարբարոս Հայրեդդին փաշան օսմանյան նավատորմում ծառայել է 1500-1545 թվականներին: Նա հանդիսանում է Օսմանյան պետության նավատորմի առաջին գերագույն հրամանատար և մեծ ծովակալ (մարշալ):

Ի դեպ, Թուրքիան 2002-2013 թվականներին աշխարհի տարբեր երկրներում բացել է 36 դեսպանատուն և 22 գլխավոր հյուպատոսություն, ընդհանուր առմամբ` 58 նոր ներկայացուցչություն: Հաշվետու ժամանակահատվածում բացված ներկայացուցչությունների (25) քանակով առաջատարն Աֆրիկան է:

Եթե մինչև 2002 թվականը Թուրքիան աֆրիկյան երկրներում ուներ 12 դեսպանատուն և 2 գլխավոր հյուպատոսություն, ապա 2013 թվականին՝ համապատասխանաբար 35 դեսպանատան ու 4 գլխավոր հյուպատոսության:

Թուրքիայի ներկայիս վարչապետ Ռեջեփ Էրդողանի գլխավորած «Արդարություն ու զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) Թուրքիայում իշխանության է եկել 2002 թվականի նոյեմբերի 3-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքներով (10.808.229 քվե, ողջ քվեների 34.28 տոկոսը, 363 պատգամավոր՝ 550-ից):

Տեսանյութեր

Լրահոս