
Չինացիները ճապոնական ընկերություններից փոխհատուցում են պահանջում հարկադիր աշխատանքի համար

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Չինաստանի քաղաքացիները կոլեկտիվ հայց են ներկայացրել ճապոնական ընկերությունների դեմ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ իրենց հարկադրաբար աշխատեցնելու համար:
Պեկինում դատարան են դիմել ճապոնական ձեռնարկությունների 37 նախկին աշխատողներ, նրանց սերունդներն ու շահագրգիռ այլ անձինք: Չինաստանի քաղաքացիները հուսով են ճապոնական Mitsubishi Materials Corp. և Nippon Coke & Engineering Co. ընկերություններից ստանալ մեկական միլիոն յուանի (163.000 դոլար) փոխանցում: Բացի այդ, տուժածները հուսով են, որ մամուլի միջոցով կհնչի պաշտոնական ներողություն:
Ճապոնիայի ԱԳՆ-ը հայտարարել է, որ հայցվորները չունեն հաջողության հասնելու հեռանկար, քանի որ հարկադիր աշխատանքի մասին գնահատականն արդեն իսկ տրվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո երկու երկրների միջև ստորագրված համաձայնագրերում:
Ընդգծվում է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ճապոնիայի կառավարությունը Չինաստանի տարածքից դուրս է բերել և հարկադրաբար իր ձեռնարկություններում աշխատեցրել է մոտ 40.000 մարդու: Նրանց աշխատեցրել են հանքահորերում, շինարարությունում ու ճապոնական 135 ընկերության խոշոր գործարաններում: Թերսնումից ու կոշտ վերաբերմունքից զոհվել է մոտ 7000 մարդ:
Հիշեցնենք, որ Չինաստանում որոշել են հիմնել Ճապոնիայի դեմ պատերազմում (1937-1945) տարած հաղթանակի տոն: