Չինաստանում որոշել են հիմնել Ճապոնիայի նկատմամբ տարած հաղթանակի տոն
Չինական Xinhua լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Չինաստանի իշխանությունները որոշել են հիմնել պետական երկու նոր տոն: Խոսքը գնում է Ճապոնիայի նկատմամբ հաղթանակ տանելու և Նանկինյան սպանդի զոհերի հիշատակի մասին:
Ակնկալվում է, որ այս տարվա սեպտեմբերի 3-ին չինացիները տոնելու են Ճապոնիայի դեմ պատերազմում (1937-1945) տարած հաղթանակը, որը հանդիսացավ նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնիկը: Նանկինի զոհերի մասին հիշատակի միջոցառումը կազմակերպվելու է դեկտեմբերի 13-ին:
Այդ օրը ճապոնական զորքերը մտել են Նանկին, որը տվյալ ժամանակ հանդիսացել է Չինաստանի մայրաքաղաքը: Դրան հաջորդած 6 շաբաթվա ընթացքում օկուպացիոն զորքերը զբաղվել են զանգվածային սպանություններով, բռնաբարություններով ու կողոպուտով:
Համապատասխան փաստաթղթերը ներկայացվել են Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական հավաքի մշտական հանձնաժողովին: Վերջինիս անդամները հավաքվել են այսօր, նրանց հանդիպումը տևելու է 3 օր: Ընդգծվում է, որ նոր տոների ներդնումն արտացոլելու է ժողովրդի կամքը: