
Պուտինը ՌԴ ՊՆ-ին կարգադրել է ստուգել զորքերի մարտունակությունը

Интерфакс-Украина-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Պաշտպանության նախարարությանը կարգադրել է հանկարծակի համալիր ստուգում անցկացնել Արևմտյան ու Կենտրոնական ռազմական օկրուգների զորքերում ու մի շարք այլ զորատեսակներում՝ ստուգելու համար դրանց մարտունակության աստիճանը:
Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն. «Ռուսաստանի նախագահի կարգադրությանը համապատասխան՝ այսօր ժամը 14.00-ին հանկարծակի տագնապ է տրվել Արևմտյան ռազմական օկրուգի զորքերում ու դրա տարածքում տեղակայված մյուս զորատեսակներում, ինչպես նաև Կենտրոնական ռազմական օկրուգի 2-րդ բանակում, Օդա-տիեզերական պաշտպանության հրամանատարությունում, Օդա-դեսանտային զորքերում, Հեռավոր ու Ռազմափոխադրման ավիացիայում»:
Շոյգուի խոսքերով՝ Պուտինը կարգադրել է ստուգել այդ զորքերի մարտունակությունը՝ կապված երկրի ռազմական անվտանգությանը սպառնալիք ներկայացնող ճգնաժամային իրավիճակները կարգավորելու հետ: Ստուգումներն անցկացվելու են երկու փուլով ու տևելու են մինչև մարտի 3-ը: