
Ղրիմի թաթարները կողմ են արտահայտվել Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանմանը

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիմֆերոպոլում գտնվող Ղրիմի Գերագույն խորհրդի մոտ այսօր առավոտյան հավաքվել է առնվազն 5000 Ղրիմի թաթար: Նրանք պահանջել են, որ տարածաշրջանի իշխանությունները պահպանեն Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը:
Ցուցարարները «զինված» են եղել Ուկրաինայի, ԵՄ-ի և իրենց ազգային դրոշներով և վանկարկել են «Փա՛ռք Ուկրաինային», «Ուկրաինա» և այլն: Ակցիային հիմնականում մասնակցում են տղամարդիկ: Նրանք զբաղեցրել են խորհրդարանի շենքի մոտ գտնվող ողջ հրապարակը: Ընդգծվում է, որ մոտակայքում հավաքվել են նաև ռուսամետները: Խոսքը գնում է Ռուսաստանի դրոշներով մի քանի հարյուր մարդու մասին:
Ղրիմի խորհրդարանն այսօր ժամը 15.00-ին անցկացնելու է արտահերթ նիստ, որի օրակարգում գտնվելու է երկու հարց. հասարակական-քաղաքական իրավիճակը և Ղրիմի Նախարարների խորհրդի հաշվետվությունը: Փորձագետները չեն բացառում ինքնավարության ներկայիս կառավարության հրաժարականը: